Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահն պաշտոնական այցով մեկնում է Սիրիա

Մարտ 22, 2010թ. 10:45

Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով այսօր պաշտոնական այցով այդ երկիր է մեկնում Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին կհտևի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Սիրիայի ղեկավարները հանդես կգան նաև համատեղ մամուլի ասուլիսով:

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի և տիկին Ասմա ալ-Ասադի անունից` ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և վարչապետի հետ:

ՀՀ Նախագահը «Հայ-սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Սերժ Սարգսյանը կհանդիպի նաև Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի քաղաքի պատմամշակութային վայրեր:

Դամասկոսի օպերային թատրոնում Հայաստանի և Սիրիայի առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Հայաստանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

Հայաստանի Նախագահը այցի շրջանակում կլինի նաև Հալեպում և Դեյր Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների և Հալեպի ու Դեյր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն