Ջրի հարուստ բնական պաշարներ ունենք, բայց չենք պահպանում
Հայաստանը ջրի հարուստ բնական պաշարներ ունի, բայց չի պահպանում: Ջրի համաշխարհային օրը բնապահպանների հիմնական մտահոգությունն այս է: Դիտարկումների արդյունքները վկայում են, որ մեր գետերի հիմնական մասն աղտոտված է: Ավելին` կան այնպիսիք, որոնք, Մոնիթորինգի կենտրոնի տվյալների վերլուծության բաժնի պետ Լիանա Մարգարյանի խոսքով, ուղղակի վտանգավոր են դրանցում լողալ ցանկացողների առողջության համար. ՙՈղջին գետը, լուրջ աղտոտված է Ախթալա գետը լեռնահարստացուցիչ կոմբինատների աշխատանքի պատճառով, Հրազդանը, որն անցնում է մայրաքաղաքով, եւ քաղաքի կոմունալ- տնտեսական ջրերի թափումից հետո կտրուկ փոխվում է Հրազդան գետի բաղադրությունը՚։
Քանի որ Հրազդանի վրա կառուցված մաքրման միակ կայանն այսօր գրեթե չի գործում, վտանգավոր նյութերով հագեցած գետը շարունակում է իր ճանապարհը՝ դրանցով սնելով նաեւ Արարատյան դաշտի գյուղատնտեսական տարածությունները:
Բնապահպաններին, ի դեպ, չի գոհացնում նաեւ խմելու ջրի որակը, հատկապես մարզերում: Բայց Երեւանում էլ, նրանց կարծիքով, ջրի գինն ու որակը չափազանց հեռու են միմյանցից:
ՙԵրեւանջուր՚ ընկերությունում եւս չեն թաքցնում, որ ծառայությունների որակն առայժմ հեռու է ցանկալի մակարդակից, բայց ինչ վերաբերում է գնին, հակառակը, այն, ընկերության հաշվարկներով, անգամ ցածր է անհրաժեշտ մակարդակից:
Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ, ՙԵրեւանջուր՚ ընկերության տնօրեն Պասկալ Ռուայեն սպառողներին առաջիկայում նախանշվող թանկացման մասին տեղեկացրեց:
ՙՄենք հայցել ենք 14 տոկոս սակագնի ավելացում, որը կապված է մի շարք գործոնների հետ` սղաճի պատճառով, անցած տարի էլեկտրաէներգիայի թանկացման հետ, բայց հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն էր, որի պատճառով ընկերությունը 14 տոկոս սպառման կրճատում ունեցավ ի դեմս ձեռնարկությունների: Եվ մեր վիճակը կտրուկ վատացավ անցած տարվա համեմատ:՚
Այսպիսով՝ ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտում պահանջում է բնակիչներին մատակարարվող խմելու ջրի 1 խմ-ի դիմաց սահմանել 206 դրամ սակագին: ՙԵրեւանջրի՚ հայտը հանձնաժողովը կքննարկի հունիսին եւ արդեն հուլիսի մեկից կգործի նոր սակագինը:
Թե ինչ գնահատական կտա հանձնաժողովը ընկերւթյան հայտում նշված պատճառներին, պարզ կլինի շուրջ երեք ամսից, իսկ մինչ այդ ՙԵրեւանջրի՚ ղեկավարից փորձեցինք ճշտել, թե որքանով է սպառողը պարտավոր փոխհատուցել ընկերության կրած տնտեսական վնասները։
ՙԴա ֆինանսական դրույթ է, որը մեր պայմանագրի անբաժան մասն է: Ես չէի ցանկանա, որ դա կրի բաժանորդը, եթե ինձ պետությունը սուբսիդիա տար, ես դա կանեի դրա միջոցով, բայց այդպես չէ, ես այլ ելք չունեմ՚,- պատասխանեց նա։
Շարքային երեւանցին այսօր վճարում է նաեւ ընկերության տնտեսական ճգնաժամի հետ կապ չունեցող այլ կորուստների դիմաց:
Պասկալ Ռուայեի ներկայացրած տվյալներով՝ մայրաքաղաքում տարեկան արտադրվում է 307 մլն խմ ջուր, որից սպառողին է հասնում միայն 55 մլն խմ- ը, իսկ շուրջ 245 մլն խմ- ը ջրի կորուստներն են: Բնակիչների օգտագործած ջրից հինգ անգամ ավելին ուղղակի կորում է ճանապարհին: Պատճառը մաշված խողովակներն ու ջրի գողության դեպքերն են:
Փոխարենը՝ Երեւանում կան թաղամասեր, որտեղ ծորակներից օրվա ընթացքում ընդամենը 4 ժամ է ջուր հոսում: Ընկերությունում խոստանում են ավելացնել այս բաժանորդների ջրամատակարարումը, բայց առայժմ ոչ 24 ժամով: ՙԻնչպես խնդրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մենք պետք է փորձենք 4- ից հասցնել 8 ժամի՚,- ասաց Պասկալ Ռուայեն։
Սակագնի ավելացումից բացի Երեւանի ջրամատակարարման որակի բարձրացմանը, ընկերության ղեկավարի խոսքով, կնպաստեն նաեւ ՀԲ- ի եւ Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկերը, որոնց շնորհիվ Երեանը կունենա նոր խողովակաշարեր եւ էլեկտրոնային կառավարմամբ ջրամատակարարում:












