Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Տեղի է ունեցել Ցեղասպանության հանձնաժողովի առաջին նիստը

Մարտ 22, 2010թ. 17:08

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «ՙՏեղյակ եք, որ հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի եւ Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձեւով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Այս աշխատանքները սկսել ենք դեռեւս անցած տարվանից, երբ նախարարությունները եւ գերատեսչությունները, ծրագրելով 2010 թվականի իրենց աշխատանքները, Ցեղասպանության 95-րդ տարելիցի կազմակերպման առաջարկություններ են ներկայացրել: Ստեղծելով կառավարարական հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ` նպատակ ունենք ի մի բերել այդ բոլոր առաջարկությունները եւ ապրիլի 24-ը պատշաճ անցկացնել: Բացի այդ, ես դրա մասին հայտարարեցի նաեւ Ազգային Ժողովում, նպատակահարմար է այսօրվանից սկսել Ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան գաղափարներ, որոնք պահանջելու են մեզանից մի քանի տարի: Մասնավորապես, բարձր մակարդակով գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հասկանալի է, որ մեզնից շատ ավելի մեծ ջանքեր են պահանջվելու, անհրաժեշտ կլինի ավելի մեծ գումարների ներգրավվածություն ապահովել»:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախորդ տարիների ավանդական միջոցառումներն անցկացվելու են նաեւ այս տարի, որոնց գումարվելու են ոգեկոչման նոր արարողություններ:

Հանձնաժողովի անդամները վարչապետին են ներկայացրել մի շարք առաջարկություններ նոր միջոցառումների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ:

Նիստի ավարտին կառավարության ղեկավարը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել բոլոր առաջարկությունները` նշելով, որ  դրանք կամփոփվեն մեկ ամբողջական ծրագրում:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն