Հակոբ Հակոբյան. «Օսկանյանի մտքերը հակասում են իրար»
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մարտի 22-ին հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է ՀՀնախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին:Դրանում ասվում է.
Ծանոթանալով պարոն Վ. Օսկանյանի Ա1 պլյուսի-ին տված վերջին հարցազրույցին նկատեցի, որ հարցազրույցում արտահայտված մտքերը հակասում են իրար և հակասում են նաև 10 տարի շարունակ պարոն Օսկանյանի` իբրև Արտաքին գործերի նախարարի ելույթներին և հավաստիացումներին: Կարծում եմ այնտեղ արտահայտված մտքերն առաջին հերթին պետք է մտահոգեն իրեն` պարոն Օսկանյանին:
Մասնավորապես` Օսկանյանն ասում է, որ այն, ինչ կա սեղանի վրա, բացառվում է որ ընդունվի: Պետք է արձանագրենք, որ այսօր սեղանի վրա եղած փաստաթուղթը նոր չի դրվել սեղանի վրա: Այն մշակվել և ընդունելի է համարվել հենց Օսկանյանի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում և եթե այնտեղ կան անընդունելի դրույթներ, ապա դրանց համար պատասխանատու է նաև պարոն Օսկանյանը:
Պարոն Օսկանյանը հարցազրույցի սկզբում ասում է, որ առաջարկելու բան չունի, բայց հետո մոռանում է դրա մասին և առիթը բաց չի թողնում և առաջարկում է իշխանություններին դադարեցնել բանակցությունները: Եթե բանակցությունները դադարեցնելն արդյունքներ կտային, ապա ինչու ինքը 10 տարի շարունակ մասնակցում էր բանակցություններին և մասնակցում էր այդ` իր համար անընդունելի մադրիդյան փաստաթղթի մշակմանը:
Պարոն Օսկանյանն ասում է, որ լավ է լինել սովորական քաղաքացի նորմալ երկրում, քան իշխանություն` նման երկրում: Այս դեպքում նույնպես Օսկանյանն անլուրջ մարդու տպավորություն է թողնում, քանի որ չի կարող մեկ տարվա ընթացքում երկիրն այնքան փոխվել, որ նա գերադասի սովորական քաղաքացի լինելը: Եթե սովորական քաղաքացի է ուզում լինել, առանց իր նախկինում թույլ տված սխալների համար պատասխան տալու, ապա ոչ մեկն իրեն չի խանգարում այդ անել: Կարելի է մտածել, որ Օսկանյանն անցել է դեմագոգիայի դաշտ և մոռանալով իր անցյալը` կարծում է դրա մասին հիշեցնողներ չեն գտնվի»,- ասում է ՀՀԿ անդամ պատգամավորը:












