Անթիլիասի մայրավանքում նշել են Ուխտի օրը
Մարտի 21-ին Անթիլիասի մայրավանքում նշվել է Հայոց Հայրապետների կողմից հաստատված Ուխտի օրը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, երկու օր շարունակ հանդիսավորությամբ նշվել է Լուսավորչի Վիրապ մուտքի տոնը:
Մարտի 20-ին, Վիրապամուտի տոնի բուն օրը, հայկական բոլոր եկեղեցիներում բաց խորանով տեղի է ունեցել Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայ եկեղեցու մեծագույն Սուրբի չարչարանքների: Հաջորդ օրը Մայր տաճարում մատուցվել է պատարագ եւ մասունքների թափոր` Սուրբ Լուսավորչի Աջի գլխավորությամբ:
Սուրբ պատարագին հանդիսապետել է Արամ Ա կաթողիկոսը: Պատարագել եւ քարոզել է Դպրեվանքի տեսուչ Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Ս. Պատարագը քառաձայն երգել է Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը, Թորգոմ աբեղա Տոնոյանի ղեկավարությամբ:
Դպրեվանքի սաների մեծ թափորը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, Ս. Աթոռի սրբազան մասունքներով, Մայրավանքի շուրջը ամբողջ շրջանը կատարելուց հետո մասնակցել է ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը:
ArmAr.am












