Գլխավոր » Լրահոս

Վահե Կարապետյան. «Հայրենիքը ճիշտ ուղու վրա է»

Մարտ 22, 2010թ. 18:45

Vahe KarapetyanՀարցազրույց ազգային բարերար, ամերիկահայ գործարար, Սփյուռքի նախարարության ատյանի անդամ Վահե Կարապետյանի հետ` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի շուրջ անցկացված քննարկումների մասին:

– Ինչո՞վ էր առանձնահատուկ 252 բանաձեւի քննարկման գործընթացը, ըստ Ձեզ:

– Սա շատ ավելի դժվարին քվեարկություն էր, քան նախորդները: Չմոռանանք, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չնայած անցած տարի ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառն այդպես էլ չօգտագործեց, (նշելով միայն, որ իր կարծիքը 1915թ. հայերի նկատմամբ պատահածի վերաբերյալ չի փոխել), սակայն նախկինում` մինչ նախագահի պաշտոնը զբաղեցնելը, բազմաթիվ անգամ 1915 թվականին հայերի հանդեպ կատարվածը որակել է որպես ցեղասպանություն:

Եւ Կոնգրեսի խոսնակը, եւ շատ ուրիշներ տարիներ ի վեր պայքարել են, որ այդ բանաձեւն ընդունվի, սակայն այսօր բոլորը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: Այս իրավիճակում ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսականները հայտնվել էին երկակի վիճակում եւ նրանց համար մեծ դժվարություն էր ստեղծվել միանալու ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հասնելու հայերի այս ձգտումներին:

Կարծում եք, Կոնգրեսում այս հարցը կընդունվի՞:

– Մեծ վտանգ կա, որ Կոնգրեսում հարցը չընդունվի` այսօր չընդունվի, քանի դեռ մենք այդքան էլ կազմակերպված չենք: Դեռ պատրաստ չենք: Վստահ եմ, հաջորդ անգամ դա կստացվի, այս նոր միասնական ընթացքով:

Բոլորս նկատեցինք, որ Հայերի ցեղասպանության փաստը ժխտողներ գրեթե չկային:

– Դա այս քվեարկության մյուս առանձնահատկությունն էր. բանաձեւին «ոչ» ասող գրեթե բոլոր կոնգրեսականները ասացին. «Այո, եղել է Եղեռնը, բայց…»: Այս «բայցը» քաղաքական, անընդունելի «բայց է», իբրեւ Ամերիկայի շահերի համար, իբրեւ թե Իրաքի, Աֆղանստանի եւ այլ խնդիրների առջեւ անզոր «բայց» է:
Սակայն չէ՞, որ որեւէ մեկը չի մեղադրում ներկայիս Թուրքիա պետությանը եւ իր ժողովրդին, այլ մեղադրում է անցյալում գործողներին, որոնցից շատերին նույնիսկ հենց Թուրքիան 1919 թվականին դատապարտեց մահվան: Ուրեմն սա պարզապես քաղաքական խաղ է այդ Եղեռն իրագոծող հանցագործներին դատապարտած Թուրքիայի կողմից, որովհետեւ դրա փաստացի ճանաչումից հետո կառաջանան բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են, օրինակ, պահանջատիրությունը ու փոխհատուցումը:

Ի՞նչ դեր խաղաց, Ձեր կարծիքով, Հայաստանի պատվիրակների ներկայությունը քվեարկությանը:

– Այս քվեարկության մեկ այլ առանձնահատկությունն էլ հենց դա էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն առաջին անգամ այդ հարցի քննարկման ժամանակ կանգնած էին այդ սրահում` ԱՄՆ կոնգրեսականների աչքերի առջեւ: Սա կարեւոր հանգամանք էր, քանի որ անգամ այն կոնգրեսականները, որոնք տարիներ շարունակ պաշտպանում էին հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը, առաջին անգամ ականատես եղան եւ հավատացին, որ այդ հարցում, այդ պահանջում Սփյուռքը մենակ չէ` հայերը այս հարցում միասնական են: Սա հզոր քայլ էր հայության միասնականության եւ այդ ուժի ընկալման ճանապարհին:

Եվ սա առաջին քայլը չէ Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ փոխըմբռնման կամուրջի կառուցման գործում. առաջինը Սփյուռքի գաղթօջախներում նախագահի բաց քննարկումն էր հայ-թուրքական արձանագրությունների հարցում ծագած բազմաթիվ խնդիրների եւ կասկածների շուրջ: Սփյուռքում բոլորս էլ գնահատեցինք Հայրենիքի մեծությունը, կամեցողությունը, այն, որ սխալ էին մեկնաբանվում հայ-թուրքական արձանագրությունները:

Նախագահն իր մի քանի քայլերով ապացուցեց իր ձգտումը. առաջինը, Հայրենիքի հարատեւումն է, Արցախի հարատեւումն ու ճանաչումն է, ժողովրդի տնտեսական վիճակի բարելավումն է, Արցախի իրավունքների ոչ կորուստը եւ ոչ էլ հայերի պահանջատիրություն կամ Եղեռնի մոռացումը: Նախագահն ապացուցեց այդ բոլորը, հատկապես Ժնեւում արձանագրությունների ստորագրմանը նախորդած իր ուղերձում, որում հայտնի դարձավ իր վճռականությունը:

Եվ այն, որ Հայաստանի պատգամավորները ներկա էին Հայերի ցեղասպանության հարցի շուրջ Կոնգրեսում ծավալված քննարկմանը, ինչ-որ տեղ ի լրացումն էր Նախագահի ուղերձի, որը ցույց տվեց Սփյուռքին, որ Հայաստանը թիկունք է կանգնելու այդ հարցին եւ չի զիջելու այն ոչ արձանագրությունների շրջանակներում, եւ ոչ էլ առհասարակ:

Դուք ասացիք, որ մենք, հայերս, դեռեւս ոչ բավարար ենք կազմակերպված: Հավատո՞ւմ եք, որ մեզ կհաջողվի երբեւէ իսկապես միասնական գործել:

– Ես վստահ եմ, որ մենք միասնական ենք լինելու ամբողջ աշխարհով մեկ: Հայրենիքը ճիշտ ուղու վրա է: Մեր ուժը մեր ձեռքում է:

«Նոյան Տապան»
ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն