Սիրիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ
Սիրիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
Համատեղ ասուլիսին ալ-Ասադը նշել է, որ Սիրիան հիանալի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել է Դամասկոսի միջնորդությունը:
Ալ-Ասադը Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը որակել է որպես համարձակ քայլ: Սիրիայի առաջնորդի խոսքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նպաստելու է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:
«Պարոն Սարգսյանի հետ հարցի առնչությամբ կարծիքներ փոխանակեցինք: Հայաստանի և Թուրքիայի միջև առկա գործընթացը, բնականաբար, հասել է որոշակի կետի: Ես այդ գործընթացը նմանեցնում եմ ինքնաթիռի թռիչքի: Դա ռիսկային գործընթաց է: Ինքնաթիռի թռիչքից առաջ շատ ուշադիր պետք է լինի անձնակազմի հրամանատարը…»,-ասել է ալ-Ասադը` ավելացնելով. «Այդ հարցում Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը շատ համարձակ քայլ է: Սակայն որոշ դժվարություններ կան: Հարկ է, որ այդ որոշումը հաջողությամբ իր ավարտին հասցվի»:
Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ Հայաստանը ջանքեր է գործադրում Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, հայտարարել է. «Մենք ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ և այդ ուղղությամբ քայլեր ենք իրականացնում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Կովկասում, Ադրբեջանի անհանդուրժողականության հետևանքն է: Ադրբեջանը տարածաշրջանում միակ երկիրն է, ով մերժում է փոխօգնությունը: Եվ, բնականաբար, Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, ով ընդդիմանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Armar.am












