Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ջեմ Թոքեր.«Ես հասկանում եմ, որ համազգային խորը ողբերգություն է տեղի ունեցել»

Մարտ 23, 2010թ. 14:01

i12545420534339398438«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը կվավերացնի այդ օրինագիծն այս տարի, քանի որ ԱՄՆ-ում կան էթնիկ լոբբիներ, այստեղ կան նաեւ աշխարհաքաղաքական եւ քաղաքական շահեր: Եվ այս պահին դա չի նպաստի հայ-թուրքական կարգավորման գործընթացի նորմալ ընթացքին: Ինձ նման քաղաքական գործիչների համար շատ դժվար է խթանել այդ կարգավորման գործընթացը Թուրքիայում, երբ նրա վրա ճնշում է գործադրվում նման գործընթացներով, ինչպես նման օրինագծի ընդունումն ամբողջ աշխարհում: Նման օրենքներն ավելի շատ պատժում են հայ ժողովրդին, քան թուրք ժողովրդին», -ահա այսպիսի հայտարարություն է արել Հայաստան ժամանած Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը:

Իսկ հայ ժողովրդի համար պատիժ ասելով ի՞նչ է հասկանում թուրք պատգամավորը. «Հայ-թուրքական փակ սահման ու դրա վատ հետևանք Հայաստանի տնտեսության  վրա»:

Չգիտես ինչպես, բայց ինքը Հայաստանում գտնվելով հասցրել է պարզել, որ հայ-թուրքական կարգավորման մասին եթե հայտարարվի հանրաքվե, ապա հայ հասարակության 90 տոկոսը դրան կողմ է արտահայտվելու:

Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչման առնչությամբ Ջեմ Թոքերը նախընտրում է լինել չեզոք: Բայց միաժամանակ հավելում է, որ  Հայաստան այցելելիս այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի Հայոց Եղեռնի զոհերի հուշահամալիր…

Ապա վրա է բերում իր երկրում տարածված պետական կարծիքը.«Ես գիտեմ, որ եղել են գազանություններ, բայց դժվարանում եմ ասել, արդյոք դա պետք է անվանվի ցեղասպանություն, թե ոչ: Իրադարձությունները, որ տեղի են ունեցել նախքան իմ հոր ծնվելը, ինձ համար շատ դժվար է մեկնաբանել: Ես կարդում եւ լսում եմ հայ պատմաբաններին, ովքեր ասում են, որ այդպես էլ եղել է, որ դա ցեղասպանություն էր: Ես կարդում եմ թուրք պատմաբաններին, նրանք ասում են, որ գազանություններ տեղի են ունեցել, սակայն դա ցեղասպանություն չէր: Եվ ես չեմ կարող ասել, որ ձեւավորված կարծիք ունեմ, արդյոք դա ցեղասպանություն էր, թե ոչ: Սակայն, ես հասկանում եմ, որ համազգային խորը ողբերգություն է այստեղ: Ես հասկանում եւ հարգում եմ դա: Եվ քանի որ ես ինքս չեմ ունեցել այդ զգացմունքը, սակայն ես հասկանում եմ, որ դա շատ հուզիչ եւ զգայուն ինչ-որ բան է բոլոր հայերի համար: Ես փորձում եմ կարծես չեզոք մնալ, քանի որ ես չգիտեմ ինչպես որակավորել, եւ փորձում եմ հեռու մնալ, չվիրավորել ոչ մեկին»,- ասում է Ջեմ Թոքերը:

Նա նշում է սակայն, թե Հայաստան կատարած այցելությունների ընթացքում հասկացել է մի բան: «Յուրաքանչյուր ընտանիք ունի այդ գազանությունների, այդ աղետի հետ կապված իր պատմությունը»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հասարակության շրջանում ցեղասպանության հանդեպ վերաբերմունքին, եւ մասնավորապես 301 հոդվածին, որը քրեական հետապնդում է նախատեսում ցեղասպանությունն ընդունողների համար, ապա Ջեմ Թոքերն ասում է, որ այդ հոդվածը կիրառվում է հատուկ դեպքերում: «Ձեզ, իհարկե, կանվանարկեն, ձեզ պիտակ կկպցնեն, որ դուք դավաճան եք եւ Թուրքիային թիկունքից եք հարվածում: Սակայն ոչ մի իրավական հետապնդում չի լինի: Իրավական հետապնդում 301 հոդվածով սովորաբար կիրառվում է այն դեպքում, երբ օգտագործում են ազգին ուղղված վիրավորական, հայհոյական բառեր»,- ասում է Ջեմ Թոքերը:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն