Ռալֆ Յիրիկյան.«Անտեղյակությունը լուրջ խոչընդոտ է մարդկության համար»
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակ էին այցելել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական
տարածքի N44 դպրոցի սաները: Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին
և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին:
Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է կարևոր դրանցից տեղեկացված լինելը: Աշակերտների այս և բազմաթիվ այլ հարցերին պատասխանեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Անտեղյակությունը լուրջ խոչընդոտ է մարդկության համար: Լիարժեք օգտվեք գիտելիքներով զինվելու ձեզ ընձեռված հնարավորությունից: Եթե կա տեղեկացված լինելու ցանկություն` կառավարելի են դառնում ժամանակի մարտահրավերները: Գործունեության սկզբից ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է շարունակական կրթություն ապահովելու սկզբունքով: Դա կառավարման քաղաքակիրթ մոտեցում է և ապահովում է արդյունավետ աշխատանք: Նորարարություններով հանդես գալու պատրաստակամությունը նաև դրա արդյունքն է», – նշեց Ռալֆ Յիրիկյանը:
Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո աշակերտները շրջայց կատարեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում` ծանոթանալով և առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:
ArmAm.am












