Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն այցելել է Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի

Մարտ 24, 2010թ. 09:00

126941009649Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը շարունակել է հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ: Նա հանդիպել է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:

Սերժ Սարգսյանն այցելել է Դամասկոսի Օմայան մզկիթ, որն ի սկզբանե կառուցվել է որպես քրիստոնեական տաճար, ապա նոր միայն վերածվել մզկիթի, ինչի շնորհիվ էլ Սիրիայում այն համարվում է կրոնական հանդուրժողականության խորհրդանիշ:

Նա այցելել է նաեւ Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը նրանց հետ խոսել է հայ-սիրիական հարաբերությունների ապագայի մասին` վստահություն հայտնելով, որ այն լինելու է անխախտ եւ փայլուն` անկախ որեւէ վերադասավորումից, տարածաշրջանային ուժերի ազդեցություններից կամ այլ հանգամանքներից: Սերժ Սարգսյանի խոսքով` այդ հարաբերությունների զարգացմանը մշտապես նպաստել եւ շարունակելու է նպաստել նաեւ սիրիահայ համայնքը, որի հարատեւությունն ու հզորությունը նաեւ Հայաստանի Հանրապետության ներուժի հզորացում է նշանակում:

Սերժ Սարգսյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների, այդ ճանապարհին հաղթահարելիք դժվարությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների մասին: «Հայաստանը բոլորիս հայրենիքն է, եւ հայկական խնդիրները բոլորիս խնդիրներն են: Եւ սա է պատճառը, որ ամենաբարդ խնդիրների շուրջ հարմար եմ գտնում խորհրդակցել նաեւ մեր քույրերի եւ եղբայրների հետ, ովքեր ապրում են Հայաստանից դուրս»,- ասել է Սերժ Սարգսյանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն