Նամակ Գարեգին կաթողիկոսին
Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը, հայ հասարակությունը և հայ մշակույթը դեռ գտնվում են անցման, ձևավորման և համախմբման բարդ շրջանում, բոլորիս համար կարևոր է նրբանկատ լինել հանրային նշանակություն ունեցող հարցերում կողմնորոշվելիս, հատկապես` որոշումներ կայացնելիս ու գործնական քայլեր կատարելիս: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է “Մոսկվա” կինոթատրոնի Ամառային դահլիճի շենքին, որի հավանական քանդման խնդրով անհանգստացած է ոչ միայն ճարտարապետական, այլ ողջ մտավորական հանրությունը` երևանցիները:
Ճիշտ է, կառույցն այսօր անտեսված է, այն գրեթե զրկված է որևիցե գործառույթից, ինչը տրամաբանական է դարձնում դրա զբաղեցրած տարածքի առավել նպատակային օգտագործման ծրագրերի մշակումը: Իսկ ի՞նչը կարող է առավել հանրօգուտ և նվիրական գործ լինել, եթե ոչ եկեղեցու կառուցումը: Մեծապես շնորհակալ ենք, որ Եկեղեցին առաջինը ձեռնամուխ եղավ մեր մշակույթի կորսված արժեքների վերականգնման գործին: Սակայն, մեր պատկերացմամբ, Եկեղեցու որոշումների և գործառույթների իրականացման հիմքերը այլ են, քան մասնավոր տնտեսական շահերի հետ շաղկապված աշխարհիկ իշխանությունների դատողությունները, և դրանք չպետք է իրականանան մեկ այլ արժեքի ոչնչացման հաշվին:
Թերևս, հարկ չկա հիշեցնել կառույցի ճարտարապետական և, արդեն նաև` պատմական արժեքի մասին: Լճացման տարիներին, ամբողջատիրական պայմաններում աննախադեպ զարթոնք ապրող հայկական ազգային մոդեռնիզմի այս մարգարիտը տաղանդավոր ճարտարապետ Սպարտակ Կնդեղցյանի` Թելման Գևորգյանի համահեղինակությամբ իրականացրած, եզակի գործերից է: Այն հաճախ է որակավորվում որպես երևանյան “ճարտարապետական հրաշք”, քանի որ այն ոչ միայն գեղարվեստական ձևի, այլև բարդ քաղաքաշինական խնդրի փայլուն լուծման եզակի նմուշներից է: Այս շինության քանդումն, ըստ էության, կշարունակի Խորհրդային իշխանությունների կողմից “Մոսկվա” կինոթատրոնի տարածքում եղած Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու քանդման և հոգևոր-մշակութային վանդալիզմի բազմաթիվ այլ օրինակների արատավոր ավանդույթը: Ավելացնենք նաև, որ հուշարձանի տարածքում է գտնվում տաղանդաշատ նկարիչ Օնիկ Մինասյանի կատարած խճանկարը, որը ևս դասվում է հայկական մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության` իր տեսակի մեջ սակավաթիվ, բարձր գեղարվեստական ճաշակով կատարված գործերին: Այդ խճանկարն այժմ ևս անմխիթար վիճակում է, և այն անհրաժեշտ է փրկել, ոչ թե վերացնել: Մի՞թե Սուրբ Եկեղեցին կարող է ձեռք բարձրացնել մի արվեստագետի ստեղծագործության վրա, ով հայտնի է նաև իր եկեղեցական աշխատանքներով` Օշականի Սբ.Մեսրոպ Մաշտց եկեղեցու բազմաթիվ որմնանկարներով, Էջմիածնի Սբ.Հռիփսիմե եկեղեցու գլխավոր խորանի պատկերներով: Ոլորտի ողջ մասնագիտական հանրույթը վկայում է, որ նշված շինությունն, ըստ էության, հղացվել և 1960-ական թթ. կեսերին իրականացվել է իբրև մեկ ամբողջական համալիր: Ցավոք, բուն ամֆիթատրոնից զատ, համալիրի մյուս հատվածներն արդեն իսկ անմտորեն ոչնչացվել են, և դրա երբեմնի գողտրիկ ամբողջականությունն այսօր խաթարված է սրճարանի և ավտոլվացման կետի անշուք ներկայությամբ: Այսօր, երբ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում մեր հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման փաստերին հարևան երկրների տարածքներում, ինչպե՞ս կարող ենք մենք ինքներս նույնը թույլ տալ մեր մայրաքաղաքում: Եթե նշված հուշարձանը այսօր չորակել որպես “պատմամշակութային արժեք”, ապա ի՞նչ պատասխան ենք տալու մեր հետագա սերունդներին. ֆիզիկապես վերացնելով հուշարձանը, բնավ չենք կարող ջնջել դրա հուշը, դրա մասին վկայությունները:
Այդպիսով, կառույցի ճակատագրի վերբերյալ մտահոգություններն արդեն իսկ մեծ վրդովմունք են առաջ բերել մասնագիտական և ոչ մասնագիտական հանրության մեջ: Ավելին, նոր եկեղեցու շինարարությամբ նախկինում քանդվածի հուշը վերականգնելու ճիգերը չեն կարող փոխհատուցել սպասվելիք մեծ զոհաբերումը: Մինչդեռ, վստահությունը Եկեղեցու հանդեպ ամենազորեղ ուժն է, որն այսօր հարկավոր է մեր հասարակությանը` համախմբված լինելու և վերականգնելու համար երկրի կայունությունը:
Վեհափառ Տեր, խոնարհաբար խնդրում ենք Ձեզ, մի’ կոտրեք մեր ժողովրդի, մեր մի բուռ մտավորականության վստահությունը, թույլ տվեք, որ երևանցիների կողմից այդքան սիրված շինությունը նոր կյանք ստանա, վերածնվի իր նախնական տեսքով, և ոչ թե քանդվի: Երևանի կենտրոնական հատվածում կան տարածքներ, որոնք դեռ քաղաքաշինական ավարտուն կերպար չեն ստացել, և նոր եկեղեցու շինարարությունը մի այդպիսի տարածքում կարող է լավագույն լուծում լինել ոչ միայն տվյալ տարածքի, այլև տվյալ խնդրի համար: Որպես օրինակ կարող ենք բերել Գլխավոր Պողոտան կամ նույն “Մոսկվա” կինոթատրոնի ետին հատվածը, որը հարակից է Ամառային դահլիճի տարածքին, կամ բազմաթիվ հիվանդանոցամերձ տարածքներ, որտեղ որ ժողովուրդն իրոք եկեղեցու կարիք է զգում: Բավական է հիշատակել Հանրապետական հիվանդանոցին կից հսկայական դատարկ տարածքը: Ի վերջո, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու վերականգնումը քանդված եկեղեցու հուշի վերականգնումն է և մի նոր հոգևոր օջախի շինարարություն, ինչը անմիջականորեն կարող է և չկապվել տվյալ տարածքի հետ:
Ողջ ճարտարապետական հանրությունը հայտնում է իր մասնագիտական կարծիքը և առաջարկում իր օգնությունն ու ծառայությունը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու համար նոր տարածք ընտրելու հարցում: Իսկ Եկեղեցու և մեր Կաթողիկոսի լավագույն նվերը հայ հասարակությանը կլինի Ամառային դահլիճին նոր կյանք տալը, հատկապես` եթե այդ կյանքը կապված լինի հոգևոր գործառույթների, հոգևոր-մշակութային բնույթի նոր հաստատության կերտման հետ: Մենք առաջարկում ենք կառույցը քանդելու փոխարեն դրա վերակիրառման և հոգևոր-մշակութային բնույթի հաստատության համար հարմարեցման ճարտարապետական մրցույթ հայտարարել: Վստահ ենք, որ քաղաքային իշխանությունները կողջունեն նման առաջարկը, ինչում ճարտարապետները հարկ եղած դեպքում պատրաստ են աջակցել: Վեհափառ տեր, եկեղեցաշինության Ձեր նվիրական առաքելությունը հարգելով` կարծում ենք, որ տվյալ պարագայում Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման մեջ տեղի ընտրության հարցը չէ էականը, այլ եկեղեցին կառուցելը, սակայն, ոչ` մեկ արժեք մյուսով փոխարինելու հաշվին:
Ըմբռնումի հույսով, հավատով և խոնարհումով
Ներքոստորագրյալ հայ մտավորականներ












