Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Իրո՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանության բանաձևի անցկացման համար

Մարտ 24, 2010թ. 12:00

Harut SassounianԱմեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում:

Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրված էր թուրքական լուրերի խոշորագույն  «Turkish Forum» կայքէջում, հետևյալ վերնագրով՝ «Սիեռա Լեոնեում մոռացված դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար»: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ անհավատալի հոդվածի թարգմանությունը.

«Վերջին տարիներին մի շարք երկրների խորհրդարաններում բանաձևեր են ընդունվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, և որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին այդ երկրներից: Պարզվել է, որ որոշ պատեհապաշտ դեսպաններ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը` ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու նպատակով:

«Համաձայն արտգործնախարարության այս առավոտ տարածած հաղորդագրության, վերջին տասներկու տարիներին Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպան Օրհան Էմին Թուրքոնեն պաշտոնանկ է արվել՝ այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացման օգտին աշխատանքներ տանելու համար:

«Այսօր առավոտյան տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, արտգործնախարարի առաջին տեղակալ Էրզին Օզբուքին պարզաբանեց. «Վերջերս մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ Չադի, Էրիտրեայի և Ջիբութիի խորհրդարանների օրակարգերում հայտնվել էր այսպես կոչված Հայոց ցեղասպանության օրինագիծը: Իսկ երբ տեսանք, որ այն միաձայն ընդունվել է Սիեռա Լեոնեի խորհրդարանում, ապա սկսեցինք կասկածել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ուստի քննչական հանձնաժողով ստեղծեցինք, որն էլ որոշ հետաքրքիր, սակայն մտահոգիչ տեղեկություններ բացահայտեց այդ հարցի առիթով»:

«Մենք համոզվեցինք, որ դեսպան Թուրքոնեն լոբբիստական գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության օրինագծի օգտին»: Օզբուքին ընդգծեց. ՚Իհարկե, սա չի կարող արդարացվել, սակայն արտգործնախարարությունը ևս իր մեղքի բաժինն ունի այս հարցում: Այս մարդը լքված և մոռացված էր հեռու գտնվող երկրում: Նա այդ միտքը հղացավ, այն բանից հետո երբ այլ երկրներում Ցեղասպանության բանաձևի ընդունմանը հետևեց [թուրք] դեսպանների հետկանչը. տասներկու տարին բավականին երկար ժամանակ է»,- խոստովանեց Օզբուքին:

«Այնուհետև Օզբուքին մանրամասներ ներկայացրեց Սիեռա Լեոնեում Հայոց ցեղասպանության իրազեկման ուղղությամբ դեսպան Թուրքոնեի անհավատալի գործունեության մասին: Օզբուքին ասաց, որ ամեն անգամ սրճարան այցելելիս, նա facebook-ում կգրեր. «Մենք հայերին կոտորել ենք այսպիսի նողկալի ձևով»: Նա բարմեններին պատմում էր.  «Միայն իմ պապը 100-150 հայ է սպանել, որոնց ոսկորները թաղված են մեր տան նկուղում»: Դեսպանն այսպիսի կեղծիքներ ու ստեր էր հորինում ու դուրս տալիս այն՝ ինչ խելքին փչեր: Սիեռա Լեոնեն փոքր երկիր է, և խոսքերն էլ արագ տարածվեցին: Այնտեղ ոչ ոք երբեք չէր լսել Հայաստանի կամ Թուրքիայի մասին, սակայն մեկ ամսվա ընթացքում ողջ երկիրն իրազեկված էր այս խնդրի մասին: Մարդիկ պարում էին փողոցներում, երբ իմացել էին, որ Ցեղասպանությունը ճանաչվել է: Այսպես չպետք է լիներ, սակայն դժբախտաբար դա տեղի ունեցավ:

«Օզբուքին պարզաբանեց, որ այս բացահայտումից հետո, թուրքական կառավարությունը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել տարբեր խորհրդարանների օրակարգերին: Հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու նպատակով և դեսպանների հետկանչի փոխարեն ՚այժմ քննարկվում է առևտրային հարաբերությունների խզման հնարավորությունը, մինչև խորհրդարանների օրակարգերից բանաձևի դուրս բերումը»:

Չնայած հոդվածը շատ հեռու էր իրական լինելուց, սակայն մանրամասնությունների և հատուկ անունների առատությունը համոզեց բազմաթիվ թուրքական կայքէջերի, որ այն տեղադրեն, առանց գիտակցելու, որ դա կեղծիք է: Երբ ՚Turkish Forumՙ-ն իմացավ, որ Թուրքիան Սիեռա Լեոնեում դեսպանատուն չունի, իսկույն ջնջեց կեղծ լուրն իր կայքէջից: Իրականությանը չէր համապատասխանում նաև վերջերս Չադի, Ջիբութիի և Էրիտրեայի խորհրդարաններում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման մասին լուրը:

Հայտնի չէ, թե ով է հնարել այսպիսի խնամքով մշակված հորինվածք: Հաշվի առնելով Թուրքիայում վարչապետ Էրդողանի հասցեին վերջին շաբաթների ընթացքում հնչող մեծածավալ քննադատությունը, հեղինակը կարող էր մի դժգոհ թուրք լինել` հումորի մեծ զգացումով, ով որոշել էր կծու հեգնանքներ տեղալ իր դոնկիխոտյան ղեկավարի հասցեին: Հոդվածն ուղեկցվում էր հավաստի թվացող մի լուսանկարով, որտեղ աֆրիկյան երեք պաշտոնյաներ պատկերված էին ոչ-աֆրիկյան արտաքինով անձնավորության հետ միասին` ստորագրման արարողության ժամանակ: Լուսանկարը խաբուսիկ տպավորություն էր ստեղծում, որ վերջինը Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպանն է:

Ամենևին էլ զարմանալի չէ, որ թուրքական մի շարք կայքէջեր կուլ տվեցին այս խայծը, քանի որ Թուրքիայի կառավարությունն ավանդույթ է դարձրել իր դեսպանների հետկանչը Ֆրանսիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից` Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով:

Վաշինգտոնում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամիկ Թանը հետ կանչվեց մարտի 4-ին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության բանաձևին: Հայտարարեցին, որ նա Անկարայում կարող է մնալ մինչև Ապրիլի 24-ի վերջը: Սա հոյակապ լուր է ամերիկահայ քաղաքական գործիչների համար, քանզի նրանք կարող են քարոզարշավ ծավալել Կոնգրեսում` առանց թուրք դեսպանի կողմից որևէ դիմադրության հանդիպելու՝ Ապրիլի 24-ին նախորդող այս վճռական շաբաթների ընթացքում, երբ նա պետք է գտնվեր Վաշինգտոնում, փորձելով խոչընդոտել Ցեղասպանության բանաձևը Ներկայացուցիչների պալատում և համոզեր նախագահ Օբամային չհիշատակել Հայոց ցեղասպանությունն իր տարեկան հայտարարության մեջ:

Որքան մեզ հայտնի է, դեսպան Թանը Կոնգրեսում քարոզարշավ չի իրականացրել Հայոց ցեղասպանության բանաձևի անցկացման օգտին, ինչպես դա արել էր մտացածին դեսպանը Սիեռա Լեոնեում` ընտանիքի և ընկերների հետ տանը երկարատև արձակուրդ անցկացնելու նպատակով: Սակայն, դատելով վարչապետ Էրդողանի վերջին ինքնակործան հայտարարություններից, իսկապես ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի


Դիտել Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն