Միջազգային ֆինանսական կորպորացիան կաջակցի բարեփոխումներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում: Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն: Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարարության եւ տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացման մանրամասներ, որոնք գործարարության մասով նախատեսում է նաեւ ՀՀ կառավարության գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Վարչապետը կարեւորել է միջազգային առաջատար փորձի ներդրումը համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով:
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություն` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնակցությունը բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ֆինանսավորման, ինչպես նաեւ կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրման, մասնավորապես, անկախ տնօրենների ինստիտուտի կայացման գործում:
Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել Հայաստանում ձեւավորվող վենչուրային հիմնադրամներում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվումը` ընդգծելով մասնակցության ձեւերի մշակման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, Համահայկական բանկում մասնավոր կապիտալի լայն ներգրավման ու մի շարք այլ խնդիրների:
Փոխադարձաբար կարեւորվել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտների ներուժը բացահայտելու նպատակով:
ArmAr.am












