«Չի կարող պատահել, որ Թուրքիան չստորագրի հայ-թուրքական արձանագրությունները»
ՀՀԿ անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն, անդրադառնալով Թուրքիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերի հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են և դրանք չեն վավերացվելու, նշեց, որ Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն։
«Ես էլ ձեզ ասում եմ հետևյալը՝ հայ-թուրքական արձանագրությունները անպայման ստորագրվելու են»,-հավելեց նա:
Նա նշեց, որ Թուրքիան չի կարող իր ազգային պետական ճակատագիրը փոխել պանթուրքիզմի մտածելակերպով:
«Այդ դեպքում Թուրքիան դուրս կմղվի քաղաքակիրթ աշխարհի պետությունների շարքից։ Թուրքիայի այդ բոլոր դերասանությունները ներքին օգտագործման համար են։ Թուրքիան հզոր պետություն է ու հասկանում է համաշխարհային զարգացման ընդհանուր տենդենցները. չի կարող պատահել, որ Թուրքիան չստորագրի հայ-թուրքական արձանագրությունները»,- ասաց նա։
Ըստ բանախոսի, եթե Թուրքիան չստորագրի արձանագրությունները, ապա մենք բավականին շահեկան վիճակում կլինենք:
«Թուրքիան ինքը կապացուցի, որ համաշխարհային հանրությունը մի պարզ ճշմարտություն, որ այդ երկիրը մնացել է այն նույն մակարդակին, ինչ նախկինում էր: Սակայն ծանոթ լինելով Թուրքական դիվանագիտությանը, ես չեմ կարծում, որ նրանք այդպիսի անհեռատես քայլ կկատարեն»,- հավելեց ՀՀԿ անդամը:
Անդրադառնալով Ջեմ Թոքերի այն հայտարարությունը, ըստ որի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից հետո Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող է կողմ դառնալ` բանախոսը նշեց, որ նման բան չի կարող լինել:
Հ. Հարությունյանը, խոսելով նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություն մասին, նշեց, որ այն միայն ու միայն խոշոր վնաս հասցրեց Թուրքիայի միջազգային վարկին ու հեղինակությանը:
ArmAr.am












