Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյան. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»

Մարտ 24, 2010թ. 18:17

SargsyanՍիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դեյր Զոր` դրան տալով պարզ բացատրություն. «Ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել»:

«Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը»,- նշել է Նախագահը` հավելելով. «Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ»:

«Դրա մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը` կյանքը` համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի»:

Չշրջանցելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` Նախագահ Սարգսյանը պատմական փաստերի միջև զուգահեռներ է անցկացրել` ասելով.

«Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր»: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր»: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին: Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սիրիացի պաշտոնակից Բաշար Ալ-Ասադի հրավերով պաշտոնական այցով այդ երկիր է մեկնել մարտի 22-ին: Մայրաքաղաք Դամասկոսում ունեցած հանդիպումներից հետո Նախագահ Սարգսյանը մեկնել է Սիրիայի մեծությամբ և տնտեսական նշանակությամբ երկրորդ քաղաք` Հալեպ, որտեղից էլ այսօր ուղևորվել է Դեյր Զոր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն