Սերժ Սարգսյան. «Ես խնդրում եմ բոլորին, ովքեր կարտահայտվեն Հայոց ցեղասպանության մասին, թող մի պահ հիշեն այս անապատը»
Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ երկխոսությունը` հղում անելով Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու
գործելաոճը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր սիրիական Դեյր Զորում ունեցած ելույթում:
Խոսելով այն մասին, որ չնայած Ցեղասպանության արհավիրքին` Հայաստանը պատրաստ է հարևան երկրի հետ երկխոսության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման` միաժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսության վրա հղում կատարելով` Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին»:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում կրկին անդրադարձել է նաև պատմական հանձնաժողով ստեղծելու մասին տարածվող լուրերին:
«Կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են` ինչ է նշանակում, և ինչ տարբերություն կա այստեղ»,- հայտարարել է հանրապետության ղեկավարն ու հավելել. «Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որևէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին»:
ArmAr.am












