Էրդողանի հայտարարության մասին թուրքերը տարբեր կարծիք ունեն
Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքների համաձայն թուրքերի 48 տոկոսը կողմ է Հայաստանից Թուրքիա անօրինական ներգաղթածների արտաքսման Էրդողանի գաղափարին: Հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին:
Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել Թուրքիայից:
55-ից բարձր տարիքի թուրքերի 42 տոկոսն է կիսում Էրդողանի տեսակետը, 36 տոկոսը կտրականապես դեմ է վարչապետի հայտարարություններին:
Այս խնդրի շուրջ իրենց տեսակետն են արտահայտել նաև Թուրքայի կուսակցությունների համակիրները։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին քվեարկած թուրքերի 56 տոկոսը դեմ չէր լինի, եթե կառավարությունը որոշեր վտարել երկրում առանց օրինական կարգավիճակի գտնվող հայաստանցիներին:
«Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցների շրջանում այդ ցուցանիշն 63 տոկոս է կազմում:
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ընտրողների շրջանում հայերի դեմ կտրուկ միջոցների կիրառման կողմնակիցների եւ հակառակորդների թիվը համապատասխանաբար 45 եւ 43 տոկոս է կազմում:
Երկրի խորհրդարանում քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցների մեծամասնությունը` 54 տոկոսը, դեմ է արտահայտվել Էրդողանի հայտարարությանը:
Հայերին աջակցողների ամենաբարձր ցուցանիշը` 56 տոկոս, արձանագրվել է իսլամիստական հայացքներ դավանող «Բարօրություն» կուսակցության ընտրողների շրջանում:
Հարցումը իրականացրել է հեռախոսով: Հարցմանը մասնակցել են Թուրքիայի 31 քաղաքների 1000-ից ավելի բնակիչներ։
ArmAr.am












