ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը սկսվել է
Այսօր վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը, որի թեման է «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ»:
Համաժողովին հրավիրված են և մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Հունաստանի, Չիլիի, Իրանի, հայաստանյան սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
«Նպատակն է հստակեցնել սոցիալիստական գաղափարախոսության ընդհանուր սկզբունքները, կարևորել միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, որտեղ հստակ կերևա, թե իրական սոցիալիզմը ինչ ձեռքբերումներ է ունեցել ազգի ու պետության համար»,-ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` նշելով, որ հենց այս նպատակով էլ կարևորվել է տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:
Կազմակերպիչների տեղեկացմամբ, միջոցառմանը համակողմանիորեն կքննարկվի ու կվերլուծվի ժամանակակից սոցիալիզմի գաղափարական ու գործնական դրսևորումները, տնտեսական, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների փորձառնությունը, վեր կհանվեն այն ձեռքբերումները, որոնք դրական միտում են ապահովվել այլ երկրներում տնտեսական բարեփոխումների իրականացման և սոցիալական արդարության հաստատման ուղղությամբ: Միջոցառման մասնակիցները կանդրադառնան նաև Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական հեռանկարներին՝ ուղենշելով դրանց հնարավոր լուծումները:
ArmAr.am












