Այլալեզու դարձած «հայը»` պատրաստի թեկնածու այլ երկրների լրտեսական գործակալությունների համար
Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո հաղթարշավ է սկսում ապազգայնացումը
Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում:
Լեզվաքաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Այն պետական-ազգային անվտանգության գործոն է, առավելագույն քաղաքական նրբանկատություն պահանջող ոլորտ, ներառում է լեզվահոգեբանություն, հասարակագիտություն, ներպետական եւ միջպետական հարաբերություններ:
Ոչ հեռու անցյալում՝ խորհրդային տարիներին, Հայաստանը չուներ ինքնուրույն լեզվաքաղաքականության իրավունք, բնականաբար՝ նաեւ այն իրականացնող մարմին: Այնպիսի կարեւոր ոլորտ, ինչպիսին պետական լեզվաքաղաքականությունն է, ԽՍՀՄ-ում խիստ նպատակաուղղված էր եւ վերահսկվում էր թե՛ կադրային, թե՛ բովանդակային առումով: ՀՀ լեզվի պետական տեսչությունը ստեղծվեց համապետական մարմնի կարգավիճակով՝ համապատասխան գործառույթներով, առանց ավանդույթի ու մասնագետների՝ ժառանգություն ստանալով լեզվամտածողությամբ պառակտված հանրություն: Թե որքան է կարեւոր ազգի հոգեբանությունն առողջացնելն ու պետական-ազգային խնդիրների լուծմանը նպատակաուղղելը, պարզաբանման կարիք չունի: Հասարակության հոգեբանությունը 3 հիմնական շերտ ունի՝ ժառանգական, ուսումնադաստիարակչական, կենսակերպի: Դրանք միավորվում, մի ամբողջություն են դառնում լեզվի միջոցով, որը հանրության մերանն է ու պետության ոգու արարիչը:
ԼԵԶՈՒՆ կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված՝ լեզվահամակարգով, գործունակ՝ լեզվաքաղաքականությամբ:
Հայերենի համակարգն անթերի է: Լեզվակիրներ պետք է ապահովի կրթահամակարգը: Չհաշված բազմաթիվ ու բազմաբնույթ շեղումները՝ ՀՀ-ում սովորողների ճնշող մեծամասնությունը հայախոս է: Իսկ լեզվաքաղաքականությունը կախվել է օդում եւ իր տեղը չի գտնում: Ո՞վ է մեղավոր: Նրա՞նք, ովքեր չհասկանալով լեզվի տեսչության դերը, կառույցն ամլացրին, խցկեցին կրթության նախարարության մեջ, թե՞ նրանք, ովքեր նեղ մասնագիտական խնդիրները չտարբերելով համապետականից, թշնամի դարձան իրենց զորացնողներին: Կամ գուցե նրա՞նք, ովքեր լեզվապահպան կառույցը զրկում են արդյունավետ գործելու հնարավորությունից:
Ճիշտն ու սխալը հավերժական ուղեկիցներ են, շփոթելը հնարավոր է: Սրան ներում կա: Գիտակցված վնասարարությունն ու կեղծիքն է աններելի:
Լեզվի տեսչությունունում կուտակված խնդիրների մի մասն ընթացիկ՝ աշխատանքային է, մնացածը՝ արհեստածին: Կառավարման համապետական մի մարմինը մյուսի մեջ ընդգրկելու քաղաքական կոպիտ սխալի հետեւանքով գոյացել է լեզվի տեսչության կարգավիճակի եւ գործառույթների անհամապատասխանություն: Չհստակեցված եւ այդ իսկ պատճառով այդ իսկ պատճառով շահարկվող խնդիրներ են “լեզվաքաղաքականության մասնագետ” հասկացության սահմանումը, լեզվի տեսչության պետի հավակնորդներին առաջադրվող պահանջները:
Ակնհայտ է, որ տեսչության կարգավիճակը պետք է բարձրացվի, համապատասխանեցվի գործառույթներին, այլընտրանքն անընդունելի է: Բուհական համապատասխան կրթությամբ լեզվաքաղաքականության մասնագետներ Հայաստանում գրեթե չկան: Պետական պատվեր չի ձեւակերպվել, լուրջ գործընթաց չի սկսվել: Սակայն տեսչությունը գործել է շուրջ 2 տասնամյակ եւ աշխատանքային փորձով ձեւավորված կադրեր կան: Բովանդակազրկել, ձեւայնացնել այս հարցը՝ շահարկման ամենակոպիտ տարբերակն է: Լեզվի տեսչության պետի լեզվաբանական կրթության մասին պնդումները անիմաստ են. լեզվի տեսչության գործը ո՛չ լեզվի ուսուցումն է, ո՛չ լեզվագիտական խնդիրների լուծումը, ո՛չ էլ նույնիսկ լեզվի կանոնարկումը: Լեզվի տեսչության գործառույթներն իրավական-վերահսկողական, կառավարման-հասարակագիտական բնույթի են՝ համապետական, նույնիսկ՝ համահայկական մակարդակի: Եզրակացությունը պարզ է՝ լեզվի տեսչության պետի պաշտոնը քաղաքական պետք է լինի: Բայց մեր քաղաքական խնդիրների ցանկում լեզվաքաղաքականությունը տեղ չի զբաղեցնում: Տարօրինակն այն է, որ մեզանում քաղաքական պաշտոն ասելով հասկանում են քաղաքական ուժի տնօրինմանը հանձնվող պաշտոն՝ առանց սահմանափակումների: Քաղաքական ուժերն էլ մեկը մյուսից արտառոց որոշումներ են կայացնում: Հետեւանքն ակնառու է…
Լեզվի տեսչությունը նման է քավարանի: Այս կառույցում ապազգայինը, կեղծարարը, անդիմագիծը, անգրագետը աշխատել չի կարող, առավել եւս՝ ղեկավարել, էլ չենք խոսում քաղաքական պատրաստվածության մասին:
Ժամանակին ազգայնականները առաջարկում էին ստեղծել Լեզվի նախարարություն, իսկ հետո՝ Հայապահպանության նախարարություն, որը բոլոր հայկական ազգային խնդիրները կբարձրացներ համապետական եւ համազգային մակարդակի եւ այդ որակներով էլ կլուծեր դրանք:
* * *
Հայոց լեզուն հին է այնքան, որքան Հայ ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենն իր մեջ կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, միեւնույն ժամանակ մեր լեզուն գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմքում հստակորեն ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ Բնօրրան-Հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության (գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ: Սրանք անհրաժեշտ ինքնապահպանության այն գործոններն են, որոնք ՄԱՐԴ-ը պետք է զգա եւ՛ գիտակցաբար, եւ՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլեւ՝ պետականորեն: Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն է: Ազգային հանրույթի կյանքի առանձնահատկությունները բացառելը ի վերջո կհասցնի ուծացման, տարրալուծման, եւ ազգը կվերանա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատեւումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի եւ թշնամի չդառնա սեփական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պետության բնույթը հայկականությունը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է հոգեւոր-մշակութային քաղաքականությամբ: Այդ քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պետության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները, եւ առանց սեփական լեզվաքաղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը:
…Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահոգեբանական կերտվածքը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես եւ էապես ինքնաոչնչացման, որը համարժեք է մարդու մեջ առկա Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին, քանզի Տիեզերական Համակարգում՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ, Ազգը Հոգի է, Բնօրրանը՝ Մարմին, նրա Առաքելության իրականացման համար…
Անդրադառնալով հատկապես հայերենի դերին ու նշանակությանը՝ նշենք, որ պետականորեն՝ հայերենի իրավական պաշտպանը ՀՀ Սահմանադրությունն է, ի դեմս ՀՀ նախագահի: Իսկ նպատակաուղղված լեզվաքաղաքականություն իրականացնողը ՀՀ կառավարությունն է՝ լեզվի պետական տեսչությամբ, որն այսօր գրեթե մեկուսացված է եւ զրկված լեզվապաշտպանական լիազորություններից: Ճիշտը լեզվի (հատկապես` հայերենի, որն աստվածային-Աստվածների լեզու է նաեւ), կամ ավելի ընդգրկուն՝ Հայապահպանության նախարարության ստեղծումն է: Ապազգային ղեկավարների լուռ համաձայնությամբ ու հանցավոր գործունեությամբ անուղղակիորեն (արտաքին միջամտությամբ՝ նաեւ նպատակայնորեն) ոչնչացման է դատապարտվել Ոսկեղենիկ, Արարչածին Հայոց Լեզուն: Այսպես օտար զավթիչներն էլ են փորձել ոչնչացման դատապարտել մեր լեզուն, քանզի ԼԵԶՎԻ մահը ԱԶԳԻ մահն է: Իսկ իշխանությունների կողմից հայերենը այնքան թույլ է պաշտպանվում, որ պետության լեզուն հայտնվել է երկրորդականի կարգավիճակում՝ ռուսերենի ու անգլերենի մրցակցության (շատ հաճախ՝ բռնի ներխուժման) պայմաններում: Երկլեզվության խորհրդային վտանգը վերածվել է «եռալեզվություն» կոչվող մի այլ չարիքի, այս պայմաններում այն կարող է դառնալ «բազմալեզվություն», իսկ հայերենին կմնա միայն բարեւելու եւ կենցաղում մի կերպ գոյատեւելու հեռանկար… Լեզուն վիթխարի ուժ է, որոշում է ազգերի ճակատագիրը: Մարդկային պատմությունը վկայում է, որ կորցնելով միավորվելու, հարատեւելու կռվանը՝ լեզուն, քայքայվել-ուծացել են երբեմնի հզոր պետություն ունեցող ազգերը, զրկվելով նաեւ իրենց առաքելությունից:
Մեր պետական այրերից շատերը, օտար կրթության իրենց կարոտաբաղձությամբ, նաեւ՝ իբր գիտատեխնիկական հայալեզու գրականության բացակայությունը շեշտելով, ամուր են պահում ռուսերենի դիրքերը, իսկ համակարգիչների ներմուծման պատրվակով՝ ուղղակի փորձ է արվում անփոխարինելի դարձնել անգլերենը: Այս վիճակը տարեց տարի խորանում է, եւ այս դավադիր միտումը պետք է անհապաղ կասեցվի:
Լեզվապահպանությունը ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնահարց է, բայց դուրս է մնացել կարեւորագույն համարվողների շարքից: Խնդիրը լուծելու համար հիմնարար, համակարգային փոփոխություն է պետք, եւ անհրաժեշտաբար ստեղծվելիք Հայապահպանության նախարարությունը, ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության եւ լեզվաքաղաքականության հարցերով…
Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդե սերունդ ու պաշտպանվել նույնիսկ ջարդի ու գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստորադասելը հանցագործություն է, ազգադավություն: Այլալեզու դարձած “հայը” պատրաստի թեկնածու է օտար մտածողության թափանցման, այլ երկրների լրտեսական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ եւ անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը “դարձնել” այլազգի, ապա այդ տխմարությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ պիտի փոխվի նաեւ տվյալ դավաճանի “հայրենիքը”՝ նա պետք է հեռանա, չվտանգելու համար մեզ եւ հայության իրավունքները, Հայոց պետականությունը: Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատությունից հղփացած մարդու “իրավունքները” չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողությանը: Ազգի իրավունքը միշտ վեր է լինելու անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի:
Կրթության եւ դաստիարակության լեզվի ընտրության հարցը պետության ու ազգի անվտանգությունը շոշափող խնդիր է եւ այն պիտի լինի հայանպաստ:
Մշակութային ներխուժման, լեզվափոխության պարագայում որեւէ զենք, զորք անհրաժեշտ չէ Հայաստանը գրավելու, հայությանը ոչնչացնելու համար: Ազգն ու պետությունը կքայքայվեն ներսից՝ ինքնաոչնչացումով:
Հայոց Լեզուն ՀԱՅ ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, ասել է թե՝ հենց ԳԵՆՆ է, ուստի Մայրենիի (Հայրենիի) իմացությունը պարտադիր է բոլորի, հատկապես ղեկավար, պետական պատասխանատու այրերի համար: Սակայն, միայն թղթե օրենքներով լեզուն հնարավոր չէ պաշտպանել. անհրաժեշտ է պաշտպանել գործնականում, բոլոր ոլորտներում: Այսպիսով՝ հայոց լեզվի պաշտպանությունը մեր ազգային ինքնության ու հարատեւության երաշխիքն է եւ ամուր պետականության հիմքը, քանզի Լեզուն ԳԵՆԻ ինքնաարտահայտման միջոցն է, իսկ ԳԵՆԸ հենց ԱԶԳՆ է:
Լեզվաքաղաքական առանձնահատուկ խնդիր է պատմահամեմատական ստուգաբանությունը: Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, եւ այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լինի ոչ միայն գիտության առարկա, այլեւ՝ հայերենի ուսուցման սկզբունք:
Սա հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության աղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսեւորում է ազգի էական որակը եւ գործում ազգային խորհրդանիշերի համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպքում՝ բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշողությամբ. մայրենիի ուսուցումն էլ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:
Միայն ազգային լեզվի խորհրդանիշերի, զգացողության միջոցով է ազգը կապ հաստատում իր ծագման, ի՛ր էության, ի՛ր բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց՝ հնարավորություն ենք տվել օտար լեզուներին խցկվել մեր մայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ: Լեզվի խորհրդանիշերի որակազրկման ակնհայտ օրինակ է Արարատ գաղափարագիրը: Այսօր մեր լեզվում Արարատ-ի իմաստը երկատված է. ի՞նչ ենք հասկանում Արարատ ասելով՝ եւ՛ Մասիս լեռը, եւ՛ Հայկական լեռնաշխարհը: Որպեսզի վերաիմաստավորենք լեզվի այս խորհրդանիշը, պետք է բառարմատի վերլուծություն կատարվի՝ վեր կանգնելով լեզվաբանության մեջ արդեն արմատավորված կեղծ կաղապարներից:
Ար-ը արտահայտում է Աստվածային ծագման, սերման, զորության իմաստ: Հայերենում արմատի կրկնությամբ բառը ստանում է բացարձակի, անհամեմատելիի արժեք: Ար-ար կրկնավոր արմատը արարչագործության համակարգի տարր է՝ արարչագործության բաղադրիչներից մեկը. Արար-իչ, արար-ել, արար-ած, Արար-ատ: Արարատ-ը խորհրդանշում է արարման տեղը: Մենք մոռացել ենք, որ Արարիչը արարել է Արի(ական) ցեղը Արարատում: «Արարատ» խորհրդանիշը բովանդակազրկվել, դարձել է սոսկ լեռան անուն միտումնավոր՝ մեզ՝ հայերիս կամայական ծագում վերագրելու նպատակով: Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլեւ հետեւում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն՝ անփույթ վարվելով բառիմաստի հետ:
Հայի սուրբ պարտականությունն է նախեւառաջ ուսում ստանալ, կրթվել հայերենով, մտածել ու խոսել հայերեն, արարել հայերեն: Ահա՛ այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, եւ մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգեւոր հարստություն, իսկ ազգային նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ներքին եւ արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ:
Արամ Ավետյան, «Լուսանցք» շաբաթաթերթ
ArmAr.am












