Փորձագետ. Գազի գինը մեկ տարում աճել է 62 տոկոսով
Հաշվի առնելով, որ գազի գինը նախորդ տարի բարձրացել է 14 տոկոսով, իսկ այս տարի էլ բարձրանում 37,5 տոկոսով, ստացվում է, որ գազի գնի ընդհանուր աճը կազմելու է 62 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա ներկայացմամբ, քանի որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման մեջ 40%-ը գազն է, ապա էլեկտրաէներգիան պետք է բարձրանար 24%-ով, ինչը եղել է անցյալ տարվա ապրիլին, ուստի ստացվում է, որ էլեկտրաէներգիա արտադրողը գազի այսօրվա սակագինն անցյալ տարվա ապրիլի 1-ին արդեն կլանել է:
Հ. Մեսրոպյանը նկատել է նաեւ, որ թեեւ գազի սակագինը դեռ ապրիլի 1-ից պետք ուժի մեջ մտնի, սակայն արդեն շատ տնտեսվարողներ բարձրացրել են իրենց ապրանքների ու ծառայությունների գները, ու հիմա ավելի շատ շահույթ են ստանում:
Ինչ վերաբերում է ջրի սակագնի բարձրացմանը, ապա ըստ նրա, երբ 2005-ին ջուրը տրվեց ֆրանսիական ընկերության կառավարմանը, նախատեսվում էր, որ ջրի գինը փուլ առ փուլ՝ մինչև 2015թ.-ն, պետք է իջնի, սակայն հիմա ջրի գինն էլ է բարձրանում:
Անդրադառանլով գազի գնի բարձրացմանը` փորձագետն ասաց, որ այդչափ բարձրացումն անհիմն է ու հիշեցրեց, որ «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետեր է նաև Հայաստանի կառավարությունը, որը կարող էր սակագնի այդչափ բարձրացման դեմ հանդես եկող ազդակ հանդիսանալ, որ գազն այդքան չթանկանար:
«Ապրիլի 1-ից Ռուսաստանը գազի գինը 154 դոլարից բարձրացնում է մինչև 180 դոլար, ինչը կազմում է 17%, իսկ ազգաբնակչության համար գինը բարձրանում է 42%-ով։ Անկախ նրանից՝ ինչ գին է դրսում, այն անհամարժեք է. գնի աճը երեք անգամ ավելի մեծ է, քան Հայաստան ներկրվող գազի գնի աճը»,- ընդգծել է փորձագետը։
ArmAr.am












