Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Պարզեցվելու են շենգենյան երկրներ վիզաների տրամադրման ընթացակարգերը

Մարտ 26, 2010թ. 15:00

Ապրիլի 5-ին ուժի մեջ մտնող` Եվրահամայնքի մակարդակով ընդունված նոր օրենսգիրքը նպատակ ունի դյուրացնել տեղաշարժերը շենգենյան երկրների տարածքում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն:

Օրենքն, ինչպես հավելեց Ֆ. Գրապեն, վերաբերում է, մասնավորապես, կարճաժամկետ վիազաների տրամադրման կարգերի փոփոխություններին:

Նշվեց, որ երկարաժամկետ վիզաների տրամադրման կարգն առանձնահատուկ փոփոխությունների չի ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, երբ օրինակ Ֆրանսիայում ուսանող հայ երիտասարդը դասխոսությունների մասնակցելու նպատակով Գերմանիա և Իտալիա մեկնելու դեպքում, նախկինի` երկու վիզաներ ստանալու փոխարեն, կստանա` մեկը:

«Ինչ վերաբերում է կարճաժամկետ վիզաների տրամադրմանը, ապա այլևս 10 տարուց ավելի գործողության ժամկետ ունեցող անձնագրերում վիզաներ չեն դրվի: Բացի այդ` շրջանառությունից դուրս են գալու տարանցիկ B տեսակի վիզաները և փոխարինվելու են C տեսակով: Այսուհետ կարճաժամկետ վիզա ստանալու հայտ ներկայացնողը պիտի գրավոր ներկայացնի հստակ ժամկետը, թե երբ է վերադառնալու Հայաստան. այսինքն` գրավոր պարտավորություն է ներկայացնելու:

Ֆ. Գրապեի խոսքերով, նույն կերպ էլ վիզաների մերժման դեպքում է. հյուպատոսարանները պիտի գրավոր ներկայացնեն պատճառաբանությունը, քանի որ, մարդկանց հիմնական դժգոհությունները վերաբերում են մերժման պատճառաբանության բացակայությանը: Հյուպատոսը անդրադարձավ նաև փաստաթղթերի ամբողջական և ճշգրիտ լինելու անհրաժեշտությանը:

Փաստաթղթերի ամբողջական լինելու դեպքում, նրա խոսքով, նոր ընթացակարգով, մարդիկ իրենց վիզաների թույլտվությունը կստանան 2 օրում:

Ըստ հյուպատոսի, այս ընթացակարգն ավելի է դյուրացնում վիզաների ստացման գործընթացը և դարձնում թափանցիկ:

Ասուլիսին մասնակցում էին նաև շենգենյան գոտու ` Լեհաստանի, Իտալիայի, Գերմաիայի, Հունաստանի, Լիտվայի հյուպատոսարանների ներկայացուցիչները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն