ՆԱՏՕ-ում խոսվել է հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Հայաստանի անվտանգության քաղաքականությանը և Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին նվիրված դասախոսությամբ հանդես եկավ Անտվերպենի «Լեսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախոսներ, ուսանողներ, Եվրոպական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ներկայացնելով Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները, որոնք միտված են տարածաշրջանում առկա հակասությունների հաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելության ղեկավարը անդրադարձավ ՀԱՊԿ-ին անդամակցությանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերություններին:
Սամվել Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականությունը, ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա հետևանքները, հիմնախնդրի կարգավորման ջանքերը:
Հյուսիսատլանտյան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը ինչպես նաև այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը












