Վաղը Ծաղկազարդի տոնն է
Մարտի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը` Երուսաղեմ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակը:
Ամենյան Հայոց Կաթողիկս Գարեգին Երկրորդը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո~ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10):
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:
Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Վաղը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվելու: Panorama.am-ին Արատատյան հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանն ասաց, որ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո, ժամը 13-ին տեղի է ունենալու մեծ միջացառում. ավելի քան 1000 երեխա օրհնություն կստանա:
Ամենյան Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը համագործակցաբար ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ նախաձեռնել է «Ծաղկազարդը տոնում են մանուկները» ծրագիրը: Ծրագիրը կյանքի է կոչվում մասնակցությամբ Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների և Երևանի ու մարզերի մի շարք մանկապարտեզների: Ծրագրի շրջանակներում մարտի 25-28-ը Երևանի, ինչպես նաև Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի մարզերի տարբեր բնակավայերի մանկապարտեզների ավագ խմբերի երեխաները դաստիարակների ուղեկցությամբ կայցելեն եկեղեցիներ, որտեղ կկատարվի մանուկների օրհնության կարգ:
ArmAr.am












