Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր

Ավագ Շաբաթվա ծիսակարգ

Մարտ 29, 2010թ. 13:34

zatikԱյս տարի մարտի 29-ին սկսվում է Ավագ Շաբաթը: Այն Սուրբ Զատկին նախորդող շաբաթն է: Շաբաթվա յուրաքանչյուր օր Ավագ է կոչվում: Այն Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթն է: Այդ օրերին մենք ոչ միայն մասնակից ենք, այլև Նրա հետ վերապրում ենք բոլոր չարչարանքները և հոգևոր տառապանքները` վերստին իմաստավորելով կյանքի խորհուրդը: Յուրաքանչյուրը պետք է իր հոգու միջով անցկացնի այդ ամենն, ընդունի հավատով և մաքուր սրտով: Շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Հետևենք և առաջնորդվենք օրվա պատգամներով:

ԱՄԵՆ ՕՐ

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝  սկիզբը ժ.   9.00-ին

ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝     սկիզբը ժ. 17.00-ին

Մարտի 29` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:

Մարտի  30` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:

Մարտի 31` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:

Ապրիլի 1` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է:  Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում)  կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկում, կամ Խավարում` սկիզբը` ժ.19.00-ին:

Ապրիլի 2` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ և հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին:

Ապրիլի 3` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:

Ապրիլի 4` Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:

Ապրիլի 5` Երկուշաբթի: Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն