Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Ծաղկազարդի տոնը

Մարտ 29, 2010թ. 15:12

hogevorՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 28-ին տոնել է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվել է հանդիսավոր ժամերգություն, հավարտ որի Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է անդաստանի արարողություն, ապա օրհնվել ուռենու ճյուղեր եւ բաժանվել ներկա ժողովրդին:

Հավարտ արարողության Վեհափառ Հայրապետը կատարել է մանուկների օրհնության հատուկ կարգ, որին մասնակցել են Հայորդյաց տների սաները եւ Հայրենիքի տարբեր կողմերից Մայր Աթոռ ժամանած բազում մանուկներ:

Ապա Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Գերաշնորհ Սրբազանը իր քարոզում անդրադարձել է Ծաղկազարդի տոնի խորհրդին եւ կոչ արել հավատացյալներին` ունենալ այն նույն անմիջական ու ջինջ հավատքը, որ ցուցաբերեցին մանուկները Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի ժամանակ, ովքեր Տեր Հիսուսի մեջ անմիջապես տեսան Փրկչին ու փառաբանեցին Քրիստոսին:

Հավարտ Սբ. Պատարագի Նորին Սրբությունը վերստին կատարեց մանուկների օրհնության կարգ, որից հետո շնորհավորեց եւ իր օրհնությունը բաշխեց փոքրիկներին: Այս առիթով մանուկներին հանձնվեցին նվերներներ եւ մանկական հոգեւոր գրականություն:

Այնուհետեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի առջեւ բազմաթիվ մանուկներ մասնակցել են կավճանկարի ավանդական դարձած մրցույթին, իսկ օրվա ընթացքին Մայր Աթոռի այցելուներն առիթ են ունեցել ունկնդրելու ազգային մեղեդիներ` Մալաթիայի Հայորդյաց տան փողային նվագախմբի կատարմամբ:

«Հայերն այսօր»

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն