Հայաստանի նախագահն ընդունել է «Դիփ Փարփլ» խմբի անդամ Իէն Գիլանին եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամ Իէն Գիլանին եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Դիմելով անվանի երաժիշտներին, Ս.Սարգսյանն ասել է. «Ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատեսը կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»:
Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, Ս.Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին` ով հայ ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը:
«Մենք ուրախ ու երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,- ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել նրանց:
«Հայերն այսօր»
ArmAr.am












