«Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում երկխոսության և հանդուրժողականության»
Ախալքալաքում կայացել է «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը
2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաև կառուցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, «Ջավախքի մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանը և այլոք:
Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջև ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրևսևորումների և այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում ս.թ. մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև:
«ՋԱՎԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակվող հայության առջև այսօր ծառացած են մի շարք քաղաքական, լեզվական, կրթա-մշակութային, կրոնական և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ, որոնց գերակշիռ մասը կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության արդյունք են:
Խնդիրներից առավել կարևոր ենք համարում հետևյալները.
- Հայերի համախումբ բնակության տարածաշրջանների տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից. նրանց գործունեությունը, ինչպես նաև հայության հանրային-քաղաքական կյանքն ընդհանրապես, կառավարվում և ուղղորդվում է ուժային կառույցների կողմից:
- Վրաստանի իշխանությունները օրենսդրական և այլ միջոցներով պարտադրում են տարածաշրջանի հայությանը հանրային գործունեության բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, գործավարություն, վարչարարություն, կրթական համակարգ և այլն) օգտագործել բացառապես վրացերենը,
- Վարչական և այլ մարմիններում, կրթա-մշակութային հաստատություններում աշխատանքի ընդունվելը փոխկապակցված է վրացերենի իմացությանը, որին ջավախքահայության մեծամասնությունը օբյեկտիվ պատճառներով լավ չի տիրապետում: Այդ չիմացությունը և դրանից բխող աշխատանքից հեռացնելու սպառնալիքը իշխանությունների կողմից օգտագործվում է որպես ջավախքահայության ճնշման լրացուցիչ լծակ:
- Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի իրավական կարգավիճակ, իշխանությունները չեն վերադարձնում խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները:
- Երկրի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցությունը չի գրանցվում, ինչը զրկում է հայ բնակչության շահերը ներկայացնող այդ ուժին երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքից:
- Ջավախքահայության նկատմամբ կենտրոնական իշխանությունների քաղաքականությունը վերջին ժամանակներին ընդունել է հայաբնակ շրջաններում հասարակական-քաղաքական ակտիվության դրսևորումները արմատախիլ անելու ուղղվածություն: 2007 թվականից առ այսօր ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքն են լքել և/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախքահայ ակտիվիստներ:
Ջավախքահայության խնդիրներին լուծում տալը ուղղակիորեն բխում է Վրաստանի կողմից մարդու և էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններից: Դրանից ելնելով՝ Վրաստանին դաշնակից և գործընկեր պետությունները, բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ հորդորում են իշխանություններին դադարեցնել հալածանքները, վերադարձնել հայկական տաճարները և գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերացնել լեզվի հիմքի վրա խտրականությունը և թույլ տալ հայերի համախումբ բնակության շրջանների կառավարման մարմիններում հայերենի օգտագործումը, վերացնել ազգային փոքրամասնությունների համարժեք քաղաքական ներկայացվածությունը խոչընդոտող օրենսադրական և գործնական արգելքները:
Մենք՝ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին երկխոսության և հանդուրժողականության մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նորմերի տառից և ոգուց բխող լուծումներ տալ ջավախքահայությանը հուզող խնդիրներին, և մասնավորապես`
- Դադարեցնել ջավախքահայ գործիչների նկատմամբ ծայր առած դատական հալածանքները և քաղաքական հետապնդումները, վերականգնել արդարությունը՝վերանայելով նրանց նկատմամբ ընդունված բոլոր ապօրինի դատական վճիռները, ազատ արձակել ջավախքահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին,
- Չխոչընդոտել տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացմանը,
- Վերացնել հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերեն լեզվի օգտագործման նկատմամբ դրված արգելքը: Հայերենին տալ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ,
- Արտոնել Ախալքալաքում հայերեն լեզվով ուսուցման հիմքի վրա հայ-վրացական պետական ԲՈՒՀ-ի հիմնադրումը,
- Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն և վերադարձնել խորհրդային տարիներին բռնագրավված բոլոր հայկական տաճարները:
2010թ. մայիսի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Ջավախք» ժողովրդական շարժումը, գիտակցելով, որ ինքնակառավարման մարմինները այն հիմնական ներկայացուցչական հարթակն է, որտեղ և որի միջոցով հայ բնակչությունը հնարավորություն ունի հետապնդել իր քաղաքական, լեզվական, կրթա-մշակութային ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, կոչ է անում ջավախքահայությանն իր քվեն տալ այն ուժերին ու անհատներին, որոնք իրենց ծրագրերում կզետեղեն և գործնականում կհետապնդեն հայ բնակչության առջև ծառացած վերոնշյալ իրավունքների իրացման խնդիրը:
«Ջավախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել հայ բնակչության շահերը հետապնդող ուժերի ընտրություններին մասնակցությանը, ինչպես նաև երաշխավորել ազատ և արդար ընտրությունների անցկացումը:
ArmAr.am












