Էդվարդ Նալբանդյան. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ»
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ռուսաստանցի համանախագահին`այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները և մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:
Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին են տեղեկացրել նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:
Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` Հայաստանի արտգործնախարարն ասել է. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ և շարունակում են մնալ այդպիսին»:
ArmAr.am












