ՍԴՀԿ. «Այս առաջարկները տանում են միայն և միայն դեպի պատերազմ…»
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը, գնահատելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների’ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզի հայտարարությունը, գտնում է.
1. Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունն անհրաժեշտ են ոչ միայն հայ և ադրբեջանցի ժողովուրդներին, այլ նաև ողջ տարածաշրջանին և խոշոր պետություններին: ՍԴՀԿ-ն, սակայն, համարում է, որ այս առաջարկները տանում են միայն և միայն դեպի պատերազմ:
2. Համանախագահող երկրների ղեկավարների առաջարկը բովանդակությամբ ավելի հակահայկական է, քան նույնիսկ տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները:
3. Հերթական անգամ գերտերությունները առավել բարձր են փորձում գնահատել Բաքվի սև նավթը, քան արդարությունն ու միջազգային իրավունքի նորմերը:
4. Համանախագահող երկրները միջազգային իրավունքի մեջ գործածում են երկակի ստանդարտներ: Վստահ ենք, որ նմանատիպ առաջարկներ Ռուսաստանը չէր էլ ցանկանա լսել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, իսկ Միացյալ Նահանգները’ Կոսովոյի դեպքերում։
5. Հայաստանի իշխանությունները նմանատիպ իրավիճակում պարտավոր են անցկացնել հասարակական լայն քննարկումներ, իսկ որևիցե փաստաթուղթ ստորագրելուց առաջ ունենալ Հայ ժողովրդի կարծիքն արտահայտող հանրաքվե’ թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և թե Սփյուռքում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Հայաստանի Կազմակերպության Մամլո Դիվան
ArmAr.am












