«Ադրբեջանական բանակը կոռումպացված է»,- ասում են փորձագետները
«Ադրբեջանական բանակը մի շարք խնդիրներ և թերություններ ունի, այդ պատճառով էլ այն, մեծ առումով, չի կարելի համարել ժամանակակից»,- այս մասին, «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Անդրադառնալով առկա խնդիրներին` Ջաֆարովը մասնավորապես նշել է, որ սպաներն անհրաժեշտ կացարաններով չեն ապահովվում, զինվորների և սպաների սոցիալական խնդիրները մնում են չլուծված: Նա նշել է, որ բանակում պատշաճ կարգապահություն չկա, ինչի հետևանքով զինվորական հանցագործությունները մեծ թիվ են կազմում:
Ռազմական փորձագետը նշել է, որ ռազմական ոլորտի ղեկավար կազմի մեջ կան մի շարք բարձր պաշտոնյաներ, որոնք իրենց գործում արհեստավարժ չեն՝ հավելելով, որ բանակում տեղի ունեցող բարեփոխումները շատ դանդաղ են ընթանում:
Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողության կենտրոնի ղեկավար Ալեկպեր Մամեդովն ասել է, որ ադրբեջանական բանակում լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ կոռուպցիա, յուրացումներ, ոչ կանոնադրական հարաբերություններ, զինծառայողների առեղծվածային մահվան դեպքեր, որոնք տեղի են ունենում խաղաղ պայմաններում:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու իրական բարեփոխումներ չեն իրականացվում և այդ գործընթացն իմիտացիոն բնույթ է կրում:
ArmAr.am












