Նախագահների հայտարարությունը քննադատության է ենթարկվում
Ինչպես հայտնի է Կանադական Մուսկոկա քաղաքում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի, Ռուսասատանի, Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդևն ու Նիկոլյա Սարկոզին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարներ, համատեղ հայտարարություն են ընդունել, որում ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների երկրները «կարևոր առաջընթաց են համարում այն, որ երկու կողմերն էլ համաձայնել են այն փաստի հետ, որ կայուն կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների ապահովումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը»:
Տարբեր քաղաքագետներ, կազմակերպություններ շարունակում են խստորեն քննադատել վերոնշյալ հայտարարությունը: Ամերիկային Հայ դատի հանձնախումբը (ANCA) ևս խիստ քննադատության է ենթարկել ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների արած հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ:
«Այդ հայտարարությունը նրանց կողմից բազմիցս կրկնված կոչ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կապիտուլյացիայի մասին: Նրանց հայտարարությունը պետք է խստագույնս քննադատեր Ադրբեջանի կողմից հունիսի 18-ին կազմակերպված սադրանքը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում», – ասել է Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, խիստ քննադատության փոխարեն հնչեց ուղղակի իրենց կողմից բազմիցս կրկնված կոչերից մեկը:
«Նրանց միացյալ հայտարարությունը կրկին անգամ ներկայացնում է հին մի բանաձև, որտեղ Ղարաբաղը ճնշումների է ենթարկվում նախնական, շատ վտանգավոր, վերջնական զիջումների գնալու համար՝ անորոշ և անիրականանալի խոստումների դիմաց, թե նրա կարգավիճակը կարող է որոշվել անորոշ գործընթացի արդյունքում, անորոշ խաղացողների կողմից, ապագայի անորոշ փուլում», հավելել է Համբարյանը:
ArmAr.am












