Դավիթ Բաբայան.<<Կարևորվեց ազգերի ինքնորոշումն ու խնդրի խաղաղ կարգավորումը>>
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրների ղեկավարների տարածած համատեղ հայտարարությանը ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ասել է. «Այդ հայտարարության մեջ նշված էին մի շարք կարևոր դրույթներ՝ ազգերի ինքնորոշում, խաղաղ կարգավորում, իսկ սրանք այն կարևոր գաղափարներն են, որոնք պետք է ծառայեն նաև արցախա-ադրբեջանական հինախնդրի կարգավորման գործընթացին, իհարկե, որոշ վերապահումներով»:
«Մենք կարծում ենք, որ միանշանակորեն պետք է հարգվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման փաստը և եթե դա կատարվում է, ու դրա մասին խոսում են առաջատար երկրները, ապա սա լավ հիմք է ստեղծում հետագա բանակցությունների համար: Բնական է, որ այդ հայտարարությամբ հակամարտությունը միանգամից չի կարգավորվում, քանի որ սա երկար գործընթաց է»,- ասաց նա:
Դ. Բաբայանի խոսքով, Արցախի հիմնախնդրի կարգավորումը սկզբունքներից բացի այլ մեխանիզմներ է ենթադրում: Օրինակ՝ դեռևս պետք է մանրամասնել, թե ինչ է իրենից ներկայացնում ցամաքային կապը, որոնք են անվտանգության խնդիրները, սրանք շատ ավելի բարդ խնդիրներ, սակայն որպես հիմք կարող են ծառայել հետագա բանակցությունների համար:
«Ադրբեջանը չպետք է հանդես գա իր մաքսիմալիստական դիրքորոշումներով՝ ամեն ինչ իրեն, ոչինչ հակառակ կողմին սկզբունքով, դա անընդունելի է և, բնականաբար, այդպես լինել չի կարող»,- ասաց Դավիթ Բաբայանը:












