Նախարար.«Ճանապարհների վերականգնման հարցը գտնվում է նախագահի վերահսկողության ներքո»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, սողանքների հետևանքով փլուզված միջպետական ճանապարհների վերականգնման համար ընթացիկ շաբաթում կհատկացվի մոտ 3.5 մլրդ դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքով, ճանապարհի վերականգնման հարցը գտնվում է երկրի նախագահի ու վարչապետի անձնական ու խիստ վերահսկողության ներքո:
«Այդ հանձնարարականը ես ստացել եմ այսօր և անձամբ պարտավորություն եմ վերցրել, որ այդ միջոցները ճիշտ ծախսվեն, վերականգնողական աշխատանքները իրականացվեն որակյալ»,-ասաց նախարարը:
Նախարարը ցավ հայտնեց, որ նախարարությունը գարնանային աշխատանքները սկսեց առատ տեղումների պատճառով ճանապարհների 40 վթարների հետևանքների վերացման աշխատանքներով: «Միջպետական ճանապարհները լուրջ վերականգնման ու պահպանման կարիք ունեն»,-ասաց նախարարը:
Մ. Վարդանյանի փոխանցմամբ, 2009-ին վերականգնվել է ընդհանուր առմամբ 411 կմ ճանպարհ, որի համար ծախսվել է 41 մլրդ դրամ, որից 122 կմ-ը` պետբյուջեի միջոցների հաշվին /11.5 մլրդ դրամ/, որից 85 կմ-ն արդեն տրվել է շահագործման: Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ վերականգնվել է 153.15 կմ ճանապարհ, որի արժեքը կազմել է 16.8 մլրդ դրամ, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության արդյունքում վերականգնվել է 140.57 կմ ճանապարհ` 14.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Այս տարվա համար ոլորտին հատկացվել է 2 մլրդ դրամ, ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է վերականգնել 84 կմ ճանապարհ` 10 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ:
Այժմ բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի հետ 8 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ, որով նախատեսվում է 117.8 կմ ճանապարհ վերականգնել մինչև 2011 թվականի կեսերը: Այս տարվա ընթացքում նախատեսվում է նաև 432 մլն դրամի աշխատանքներ իրականցնել 7 կամուրջների ու կամրջային կառույցների հիմնանորոգման համար:
ArmAr.am












