<<Մի գնացեք աղանդավոր խաբեբաների հետևից>>
<< Եթե դուք մտահոգ եք այս պետության ճակատագրով և մեծ ցանկություն ունեք քրիստոնեություն քարոզել, ապա ինչու եք դա անում առանձին, եկեք ու Առաքելական մայր եկեղեցու ներսում այդ ամենն իրականացրեք: Ինչու եք ինչ-որ դպրոցներ հիմնում, որպեսզի ձեր գաղափարախոսությունը տարածեք: Ապրեք հայ Առաքելական եկեղեցու ու հայ ժողովրդի ավանդույթներով, քանի որ սա է ճշմարիտ ուղին>>,- խոսելով մեր երկիր դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների քայքայիչ գործունեության մասին` ասել է Արարատյան հայրապետական թեմի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
Տեր Շմավոնը հիշյալ կազմակերպությունների անդամներին խորհուդ է տվել. <<Եթե մեծ ցանկություն ունեք քրիստոնեություն քարոզել, ուրեմն ձեր միսիոներական գործունեությունը շատ հեշտությամբ կարող եք այլ երկրներում իրականացնել. գնացեք որևէ մուսուլմանական երկիր, օրինակ, Աֆրիկա, Զիմբաբե, Թաիթի, կամ ցանկացած մեկ այլ տեղ, ուր քրիստոնեության մասին չեն էլ լսել և այնտեղ տարածեք ձեր ուսմունքը: Հայաստանում անելիք չունեք, Հայաստանը շուրջ 2000 տարվա քրիստոնյա երկիր է: Յուրաքանչյուր հայի գենետիկ կառուցվածքի մեջ դրված է, որ ինքը պետք է քրիստոնյա լինի: Դուք այս երկրում անելիք չունեք>>:
Դիմելով հայորդիներին տեր Շմավոնը հորդորել է` չգնալ այդ խաբեբաների հետևից.<<Ամեն փայլող բան ոսկի չէ: Մենք ունենք մեր պապերից ժառանգված հրաշալի ավանդույթներ, կոչ եմ անում մեր ժողովրդին, մի թողեք այդ հարստությունը, մի գնացեք ինչ-որ օտարամուտ գաղափարախոսությունների հետևից: Ձեր սերն ու եռանդը նվիրեք մեր Եկեղեցուն: Եթե հայ ես, ուրեմն քո եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցին է, իսկ հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը>>:
ArmAr.am
Թեգեր` աղանդավեր, Առաքելական մայր եկեղեցի












