Փորձագետ. « Փոփոխությունները կլինեն առանց ռազմական գործողությունների վերսկսման»
ՌԴ Պետդումայի Ռուսաստան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի փորձագետ Արթուր Տոնոյանն ասել է, թե պաշտոնական Մոսկվային այսօր ոչինչ չի մնում անել, քան Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում գալ ինչ-որ միջանկյալ որոշման. «Մոսկվան զգում է, որ գործընթացը արգելակելով, այս փուլում նա արդեն կարող է կորցնել նախաձեռնությունը, որից կարող է տուժել նաև Ռուսաստանի իմիջը: Եվ քանի որ այսօր նկատելի է, որ բանակցային գործընթացն առաջ են մղում նաև այլ մասնակիցներ, ապա Մոսկվային ոչինչ չի մնում, քան գնալ ինչ-որ միջանկյալ որոշման` իր հեղինակության հաստատման համար»:
Անդրադառնալով ռուսական խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում, Տոնոյանը նշել է. «Որոշ փորձագետներ շրջանառության մեջ են դրել Քելբաջարում ու Ֆիզուլիում «6-օրյա պատերազմի» կոնտեքստում ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան խաղաղապահների տեղակայաման թեման»: Սակայն եթե Ռուսաստանը ցանկանար, և դրա մասին ասվել է ոչ մեկ անգամ, ապա վաղուց իր խաղաղապահ ուժերին կտեղակայեր այնտեղ»:
Միևնույն ժամանակ նա ավելացրել է, որ այդ փաստը կառաջացնի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հակազդեցությունը, Ռուսաստանն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ գործողություններից: Ի՞նչ է տեղի ունենում այսօր ու ի՞նչ կարելի է ակնկալել գերտերություններից: «Այսօր իրավիճակն ուրիշ է և միանշանակ պետք է ինչ-որ բան փոխվի»,- ասաց պետդումայի փորձագետը:
Ինչ վերաբերում է Չայլուում եռակողմ հանդիպումից ժամեր անց տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը, ապա դրանում, Ա. Տոնոյանի խոսքերով, ակնհայտորեն երևում է թուրքական հետքը: «Կարծում եմ, որ դա պատասխանն էր այն բանի, որ թուրքերից ուղղակի խլել են միջնորդական առաքելությունը, քանի որ գործնականում բոլոր պայմանավորվածությունները, որոնք եղել են Թուրքիայում, ի չիք են դարձել»:
Մասնագետի խոսքերով, տեղի ունեցած միջադեպը պետք չէ դիտարկել որպես մեսիջ` ուղղված Ռուսաստանին, ընդհակառակը` դա ուղղված էր ողջ աշխարհին:
«Ես, ինչպես նաև իմ շատ գործընկերներ, հուսով ենք, որ առաջիկա բոլոր փոփոխությունները կլինեն առանց ռազմական գործողությունների վերսկսման»,- ասաց Ա. Տոնոյանը և ավելացրեց, որ այսօր միայն պետք է ակնկալել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հայտարարությունը` Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերլուծել իրավիճակը «ի՞նչ է լինելու վաղը» համատեքստում:
ArmAr.am












