Վեհափառ.«Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում»
Ինչպես հայտնի է հուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանային համաժողովի 17-րդ կոնֆերանսի բացման արարողությանը, որին մասնակցեց և Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Տեղեկացնենք, որ համաժողովին մասնակցում են 16 երկրների շուրջ 70 պատվիրակներ:
Մինչ բացման արարողությունը համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբեր 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճում իր աշխատանքը սկսեց 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց Հայրապետը:
Ստորև ներկայացված է Նորին Սրբության խոսքն ամբողջությամբ:
Հարգելի խորհրդարանականներ,
Մենք ուրախ ենք ողջունելու ձեզ Հայոց հինավուրց հողում, քրիստոնական առաջին երկրում, որը Տիրոջ խաչի առջև խոնարհվել է դեռևս 301 թ.: Սա միայն հյուրընկալության ուրախություն չէ, այլև` ուրախությունն այն գիտակցումի, որ տեղի է ունենում հանդիպում ի Քրիստոս եղբայրների և արդիական շատ հարցերում համախոհների: Մենք հավատում ենք, որ այս հանդիպումը որպես շարունակություն Աթենքում, Սոֆիայում, Երուսաղեմում և Պատմոս կղզում կայացած նման ժողովների ևս օգտակարություն կունենա ներկա աշխարհի համար վճռորոշ հարցերի պատասխանների փնտրման ճանապարհին:
Պետական գործիչների` մասնավորաբար օրենսդիրների համար արդիական կարևորագույն խնդիրներից մեկն առնչվում է աշխարհիկ պետության գաղափարի հետ: Այսօր եկեղեցու պետությունից տարանջատվածության հասկացությունը հաճախ ընկալվում է երկու հաստատությունների` միմյանց բացառման սկզբունքով, ինչը հանգեցնում է կրոնական հաստատություններից պետական կառույցների և որ ավելի ցավալի է, պետական գործիչների օտարացմանը: Ավելին, իշխանության մարմինների, ինչպես և իշխանությունը կրող անձանց մեջ հիշյալ միտումը հանգեցնում է հոգևոր կրոնական հարցերի նկատմամբ անտարբերության ձևավորմանը: Հարցերի, որոնք ծագում են ամեն քայլափոխի վրա և այսպես, թե այնպես գտնվում են հետնախորքում այն խնդիրների, որոնք պետությունը փորձում է լուծել: Մենք համոզված ենք, որ անհնար է աշխարհիկ հարցերի լիարժեք վճռումը, երբ պետությունն ու նրա ծառայողները բաժանված են այն կրոնական հիմքից, որը ձևավորել է հոգևոր աշխարհը և նկարագիրը ժողովրդի, ում կյանքի ուղին նրանք կոչված են որոշելու և ում ձգտումները նրանք պետք է իրագործեն: Այդ պատճառով Մեզ համար հատկապես արժեքավոր է, որ Համաժողովը միավորել է այն քաղաքական գործիչներին, ովքեր անտարբեր չեն կենսական այդ խնդիրների հանդեպ ոչ միայն պետության համար ավանդական եղող քաղաքական, տնտեսական, ընկերային և այլ համարժեք ասպարեզներում, այլև` հոգևոր ասպարեզում: Գնահատելի է, որ Համաժողովը միավորել է խորհրդարանականների, ովքեր մեկտեղում են քաղաքականությունը և հավատքը, օրենսդրական գործունեությունը և աստվածահաճո ջանքը` իրենց երկրների գերագույն օրենսդիր մարմիններում հոգևոր աշխարհընկալման ներդրման և քրիստոնեական ավանդական արժեքների ամրապնդման:
Անգնահատելի է Համաժողովի գործունեությունը քրիստոնյա հնավանդ ժողովուրդների միավորման հարցում: Տարբեր երկրների խորհրդարանականների հաղորդակցումը Համաժողովի շրջանակներում, արդեն նախադրյալ է, գուցե և` նույնիսկ երաշխիք խաղաղության և եղբայրության համար այդ երկրների միջև, ուրեմն և` նշանակալի ներդրում ողջ մարդկության` վիթխարի հոգևոր տարածության մեջ: Կարծում ենք նաև, որ այսպիսի հանդիպումներն ու փոխադարձ շփումները պիտի նպաստեն մեր ժողովուրդների միջև անհասկացողությունների և թյուրընկալումների հետևանքով երբեմն առաջացող լարվածությունների ու տարաձայնությունների հաղթահարմանը: Այս առումով Մեր խոսքը վերաբերում է հայ- վրացական եկեղեցական փոխհարաբերություններին ի մասնավորի` Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու և հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, ինչպես նաև հույն և հայ պատրիարքությունների միջև Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին, որոնք վստահ ենք, ևս հնարավոր պիտի լինի հարթել երկխոսության և փոխադարձ հասկացողության եղբայրական ոգով:
Հայ Առաքելական Եկեղեցուն մեծապես հուզող խնդիրներից է նաև քրիստոնեական ավանդական արժեքների հասարակական լայն շրջանակներում ներգրավվածությունը, այն է աշխարհում հոգևոր գործոնի դերակատարության բարձրացումը, մշակույթում և ամենօրյա կյանքում քրիստոնեական ընկալումների ամրապնդումը, կրոնական մոլեռանդության հաղթահարումը, համաշխարհայնացման համահարթեցնող վտանգների դիմագրավումը: Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաև կրոնական և ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի և այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովը առաջինն էր, որ Աթենքի կոնֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը:
Անհնար է թերագնահատել Համաժողովի որոշումը` դուրս գալ Եվրոպայի աշխարհագրական սահմաններից և ներառնել իր կազմում Ասիայից, Ավստրալիայից, Աֆրիկայից պատգամավորություններ, որոնք մասնակցում են Համաժողովի աշխատանքներին 2001 թվականից: Այդ որոշումը թելադրված է գիտակցությամբ, որ Համաժողովի համար առաջնահերթ խնդիրները համամարդկային են, և որ դրանց լիարժեք վճռման համար անհրաժեշտ է ներառնել նաև այդ շրջանների քրիստոնեական եկեղեցիները, ինչպիսիք` Ասորական, Եթովպիական, Ղպտի, Մալանկարա Եկեղեցիները, որ միավորված են Հայ Առաքելական Եկեղեցու հետ Հին կամ Արևելյան ուղղափառության ընտանիքում: Մեր նպատակների նույնության մասին վկայում է և այն, որ Մեր և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից այս տարվա մարտին ստորագրված Համատեղ հռչակագրում հատկապես ընդգծված է կարևորությունը քրիստոնեական հավատքի և նրա վրա հիմնված արժեքների տարածման, կարևորությունը աշխարհի համար վճռորոշ միջքրիստոնեական և միջկրոնական հաղորդակցության զարգացման, անհրաժեշտությունը ջանքերի համատեղման` դիմակայելու քրիստոնեական ավանդական երկրներում կեղծ կրոնական շարժումների ներխուժմանը, կանխելու համար վնասաբեր և քայքայող գործողությունները տարբեր աղանդների:
Վերստին արտահայտելով Մեր ուրախությունը այսօրվա հանդիպման առիթով, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համաժողովի անդամներիդ, մաղթելով, որ Աստված աջակից լինի ձեզ` պսակելու ձեր աշխատանքները նոր ձեռքբերումներով և առաջընթացով: Մեր աղոթքներն ենք առաքում առ Բարձրյալը հայցով` հուշելու ուղիներ և առաջնորդելու այդ աշխատանքներն Իրեն հաճելի, ուրեմն և` միակ ճշմարիտ ուղղությամբ:
ArmAr.am












