Արցախցին այսօր էլ պատրաստ է կռվել
Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպ, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ նահանգների նախագահների համատեղ հայտարարություն. թերեւս սրանք էին այս եւ անցնող շաբաթվա կարեւոր իրադարձությունները, որոնք պակաս հետաքրքրություն չէին առաջացրել նաեւ Արցախի ժողովրդի մոտ:
«Արցախում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել իր արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, գոյության իր իրավունքը»: Այսպիսի պատասխաններ էին հնչում Ստեփանակերտի փողոցներում անցկացրած Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրողի հարցերին ի պատասխան: Իսկ խոսքը վերաբերում էր ադրբեջանական զորքերի` Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը:
«Վախկոտ ազգ է. նա դիմացից չի կարող կրակել. ցույց տվեց, թե ինչի է ընդունակ»,-ասում են արցախցիները:
Ռուբեն Սահակյան, Ստեփանակերտի բնակիչ. «Չնայած մենք քիչ ենք, բայց հայ ազգը միացած է այսօր: Եթե թուրքն է հարձակվել պատասխանը տալու ենք: Մեկ է դրանց բանակը փախչելու է մեզնից, ինչ ուզում է լինի: Ինչպես կռվի տարիներին, երբ Ելցինը չթողեց, թե չէ Բաքու կհասնեինք»:
Ստեփանակերտի մեկ այլ բնակիչ էլ ավելացնում է. «Լավ ենք ապրում, վատ չի. Հայաստանն էլ մեր թիկունքում է կանգնած. թուրքերն ինչքան ուզում են հարձակվեն, չեն կարողանալու, մեկ է պարտվելու են»:
Երեւանից Ստեփանակերտ այցելած լրագրողները փորձում էին որեւէ կարծիք կորզել Արցախի քաղաքական ղեկավարներից: Հաջողվեց լսել Արցախի վարչապետի Արա Հարությունյանի մեկնաբանությունը` կարճ ու համառոտ. «Սահմանում նման դեպքեր լինում են: Կրակոցներ լինում են: Դեպքեր լինում են ո’չ խաղաղություն, ո’չ պատերազմ կարգավիճակի պայմաններում: Առաջինը չէ, եւ ցավոք կարող է վերջինը չլինել»:
Տարածքների փոխզիջման հայտարարություններին ի պատասխան` վարչապետը կրկնում էր հայտնի տեսակետը. «Ցանկացած փոխզիջում առաջին հերթին որոշելու է Արցախի ժողովուրդը»: Այսքանը ու վարչապետը նորից շտապում է:
Ինչեւէ, ժողովրդի ամուր ոգին, ապագայի հանդեպ լավատեսությունը չի սպառվել, ու կրկին հաղթական հայը, արցախցին նորից աշխատում է, ստեղծում, նկարում, քանդակում, գրում, ապրում:
Ստեփանակերտի բնակիչ. «Ես հաշմանդամ վիճակով էլ պատրաստ եմ կռվի գնալ: Թուրքը մեկ է ոչինչ չի կարող անել: Կռիվը սկսի մինչեւ Քուռ գետը գնացող ենք»:
Արցախում կյանքը բնականոն հունով առաջ է գնում, իսկ ընդհանուր վիճակը այնպիսին է, ինչպես միշտ` վերջին տարիներին. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, բայց եւ` հողն ու հայրենիքը պահելու անկասկած վճռականություն:












