ԱՄՆ Պետքարտուղարությունը ի՞նչ կարծիքի է, երբ`Սերժ Սարգսյանը առաջարկել է Ալիևը չի պատասխանել
ԱՄՆ Պետդեպարտամենտում նախօրեին կայացած հատուկ ասուլիսում լրագրողը հիշատակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած սահմանային միջադեպը ու նկատել, որ Ադրբեջանը ավելացրել է իր ռազմական բյուջեն: «Արդյո՞ք այդ մասին Հիլարի Քլինթոնը կխոսի Բաքվում, պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ», – ասուլիսում ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնից հետաքրքրվել է լրագրողը:
Գորդոնն ի պատասխան նախ ասել է, որ իրենք տեղյակ են վերոնշյալ դեպքի մասին ու մտահոգված են այդ կապակցությամբ և ընդգծել, որ կայունության համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին: Նա այնուհետև հավելել է. «ԱՄՆ Պետքարտուղարի այցելության գլխավոր նպատակներից մեկն է խոսել կողմերի հետ, թե ինչպես անել, որ գործընթացում առաջխաղացումն ապահովվի»:
Այնուհետև լրագրողը Գորդոնից հետաքրքրվել է` ինչպիսին է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ` իրավիճակը վատթարանո՞ւմ է թե՞ նույն է մնացել:
«Գործընթացը հապաղում է, իրադրությունն այնպիսի չէ, ինչպիսին կուզեինք լիներ, և ցանկացած ժամանակ էլ հնարավոր է բռնության ցանկացած դեպք, ինչի առնչությամբ մենք շատ ենք մտահոգվում», -ի պատասխան նշել է Ֆիլիպ Գորդոնը:
Մեկ այլ լրագրող էլ նկատել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ադրբեջանական կողմին առաջարկել է ուժ չկիրառելու մասին համաձայնագիր ստորագրել, որին Ադրբեջանը չի պատասխանել այնուհետև հարցրել` ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ ԱՄՆ Պետքարտուղարությունը, արդյո՞ք այդ հարցը քննարկելու է Հիլարի Քլինթոնը:
«Երկու կողմերն էլ իրենց համաձայնությունն են հայտնել Հելսինկյան սկզբունքներին, որոնցից առաջնայինը ուժի չկիրառման սկզբունքն է: Մենք կաջակցենք, որպեսզի կողմերը վերահաստատեն իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին», – հարցին այսպես է պատասխանել Ֆիլիպ Գորդոնը:
Հնչած մյուս հարցին, թե «նախագահների հայտարարությունում փաստորեն խոսվում է Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին, արդյո՞ք դա այն մեսիջն է, որ պետքարտուղար Քլինթոնը պետք է փոխանցի պաշտոնական Երևանին և ներկայացնի Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման ընթացքում», -Գորդոնը պատասխանել է.
«Կարծում եմ, բոլոր սկզբունքները, որոնց մասին նախագահները նշեցին Տորոնտոյի իրենց հայտարարությունում, շատ կարևոր են մեզ համար և մենք կցանկանայինք առաջընթաց ու հավատարմություն տեսնել այդ բոլոր սկզբունքների հարցում»։
ArmAr.am












