Ռոշբլուան.«Ֆրանսիան պետք է խստորեն դատապարտի այդ միջադեպը, «քանի դեռ ուշ չէ»
Հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիան աշխարհին ի ցույց դրեց Բաքվի իրական դեմքը. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը` չբացառելով, որ դա ռազմատենչ հռետորությանը միջազգային հանրության լուռ ու անտարբեր վերաբերմունքի հետեւանքն է:
«Կարծում եմ` Բաքվի ղեկավարությունը փորձում էր ստուգել, թե ի՞նչ արձագանք կտա միջազգային հանրությունը, եւ ցավով պետք է նշել, որ այն խիստ չեղավ»,- ասել է նա:
Ֆրանսիացի պատգամավորի խոսքերով` Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է խստորեն դատապարտի այդ միջադեպը, «քանի դեռ ուշ չէ»:
Ռոշբլուանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խումբը մտադիր է հանդիպել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հետ` ճշտելու, թե ի՞նչ համատեղ քայլեր կարելի է անել Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու համար: Ավելին, Ռոշբլուանը մտադիր է այդ հարցը բարձրացնել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որին կմասնակցի նաեւ երկրի արտգործնախարար Բեռնար Կուշները:
ArmAr.am












