Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Վահան Հովհաննիսյան. “Հայաստանից կոնկրետ զիջում են պահանջում”

Հունիս 30, 2010թ. 19:51

Vahan HwvhannisyanՓոքրիկ տարբերություններ` մեծ հետեւանքներով. այդ տարբերությունները առկա են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը վերաբերող` ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների` օրերս արված հայտարարության անգլերեն եւ ռուսերեն տարբերակներում: Դրանց լրագրողների հետ հանդիպմանը այսօր անդրադարձել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ իրենք հայտարարությունը անգլերենից բառացի թարգմանել են եւ ուղարկել իշխանություններին` սխալ մեկնաբանություններից հեռու պահելու հույսով: Ինչ են հայտարարել գերտերությունների նախագահները, ինչու եւ ինչ կա տողատակերում.  այն, ինչ Սարկոզին, Մեդվեդեւն ու Օբաման համատեղ հայտարությամբ պահանջում են Ադրբեջանից, հեռվում է ու մշուշոտ, մինչդեռ Հայաստանից, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, կոնկրետ զիջում է ակնկալվում.  <Այն զիջումը, որ ակնկալվում է հայկական կողմից, տարածքն է: Դա տարածք է, որը պատահականորեն չի ազատագրվել: Մարտակերտի վերջին դեպքերն էլ դա ցույց տվեցին”:

Չլիներ անվտանգության գոտին, հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիայի զոհ դառնալու էին խաղաղ բնակիչները: Կատարվածը հաստատեց, որ անվտանգության գոտին անհրաժեշտ է, նրանց էլ, ովքեր կարծում են, թե տարածք զիջելու դեպքում Ադրբեջանը պայմանագիր կկնքի չկրակելու մասին, Վահան Հովհաննիսյանը հիշեցնում է, որ պայմանագիր կա զինադադարի մասին, բայց Ադրբեջանը դրան չի հետեւում:

“Թղթի վրա գրված պայմանագրերը չեն, որ ապահովում են Արցախի Հանրապետության անվտանգությունը, այլ միայն այդ անվտանգության գոտին, ինչը եւ մեզ առաջարկում են անհապաղ հանձնել”:

Տարածքներին վերաբերող պահանջը հայտարարության մեջ հստակ է, մինչդեռ անհստակ են կարգավիճակի ձեւակերպումները: Պարզ չէ, թե ինչ է ենթադրում միջանկյալ կարգավիճակը, որը Ղարաբաղին տալու է անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում:  “Էդ ինչ բան է ինքնակառավարումը: Սա ինքնորոշում չէ, ինքնուրույնություն չէ: Յուրաքանչյուր գյուղ ունի ինքնակառավարում: Եթե խոսքը օրենքով սահմանվող այս ինքնակառավարման մասին է, մենք դեմ ենք դրան”:

Ամենամեծ խաբեությունը, ըստ Վահան Հովհննիսյանի, վերաբերում է Արցախի վերջնական կարգավիճակին ու տեղ է գտել հայտարարության ռուսերեն թարգմանության տեքստում, համաձայն որի կարգավիճակի հարցը կորոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությամբ, մինչդեռ անգլերեն բնօրինակում չկա Ղարաբաղ բառը ու անհայտ է, թե ում կամքի արտահայտության մասին է խոսքը.  “Չի գրված ԼՂ-ի բնակչություն, չի գրված նույնիսկ ԼՂԻՄ: Այսինքն կազմված է այնպես, որ Ադրբեջանը սա կարող է օգտագործել հօգուտ իրեն”:

“Ակվիլայից Հանթսվիլ, հայտարարությունից հայտարարություն հետընթաց կա”,- ասում է Վահան Հովհաննիսյանը. նախ խոսվում էր Ղարաբաղը շրջապատող, իսկ այսօր` գրավյալ տարածքների մասին: Հարցական է նաեւ, թե ինչ հերթականությամբ են լուծվելու կարգավիճակի ու տարածքների հարցերը: Եթե գրված համաձայն` նախ տարածքներ, հետո կարգավիճակ, ուրեմն, ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի, ջախջախիչ պարտություն ենք կրել:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն