Այսօր լեզուն ունի համաժողովրդական պաշտպանության կարիք
Դժվար է թվարկել մասնագետների, մանկավարժների, գրողների, հոգեբանների, հայկական դպրոցի ու հայկական կրթության կարևորությունն ըմբռնող այլոց և կազմակերպությունների` մամուլում հրապարակած հոդվածները, քննարկումներում հնչեցրած մտորումները, որոնք վերաբերում են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնությանը: Սակայն այդ քննադատությունը ցայսօր հանդիպել է մեկ-երկուսին «մեյդան» հանած թաքնված կազմակերպիչների քար անտարբերությանը, որոնց համառությունից այս հարցում պատվերի ու փողի հոտ է գալիս: Այսինքն, միայն իրավացի հարցադրումներով և կրքոտ ելույթներով վիճակը չի շտկվի.չեն լսում: Սակայն աճող սերնդի կրթությունն անհրաժեշտ մակարդակով կարող է իրականացվել միայն միասնական հայկական դպրոցի շրջանակներում: Սա ապացույցների կարիք չի զգում, սակայն, անհեթեթ վիճակում հայտնվելով, ստիպված ենք նորից ասել, որ հայոց լեզուն լոկ դպրոցում ավանդվող առարկա չէ, այն ժողովրդի լինելիության ոչ թե գլխավոր, այլ միակ երաշխիքն է: Այս առումով այն դուրս է գալիս դպրոցի սահմաններից և դառնում առավել սրված քաղաքական հարց: Եթե դարերով լեզուն է պահել ժողովրդին, ապա այսօր այն ունի համաժողովրդական պաշտպանության կարիք…սեփական ղեկավարներից:
Ռուս ազնվականները, որպեսզի ընդգծեին իրենց «որակը», մերժում էին ռուսերենը, խոսում էին ֆրանսերեն, մենք` ռուսի մերժած ռուսերեն: Իսկ ո՞րն է այդ որակը. Դա հայոց լեզվի համն ու բույրը չզգալու, ազգային ոգուց խրտնելու և լեզու յուրացնելու գործում սեփական անկարողության ընդունումն է: Բայց երբ այդ մոտեցումը պարտադրվում է սերնդին, որը ոչ միայն քոնն է, այն դառնում է ազգի հանդեպ հանցանք, իսկ եթե հանցանք է, ապա պետք է պատժվի, և ոչ միայն բարոյապես:
Բանը հասել է նրան, որ միասնական հայկական դպրոցը պետականորեն ամրապնդելու, ուսման որակը բարելավելու փոխարեն, պետական նախաձեռնությամբ օտարալեզու դպրոցներ են բացում, ժառանգած չգիտությամբ քամահրում հայերենը և պատրաստվում դրսից «ներկրել» մասնագետներ և դասագրքեր: Այս հավկուրության մասին շատ է գրվել, և կրկնելու կարիք չկա. հասկացողը գիտե: Բայց ցանկանում են ստեղծել հայ երեխայի մի նոր որակ, որի համար դարձյալ դրսից բերելու են «գիտատեսական» ու «գիտամեթոդական» ձեռնարկներ, ուղեցույցներ և այլն: Բայց թե ինչ ուղի են ցույց տալու դրանք հայ երեխային, անհայտ է: Երեխան մեղավոր չէ, մեղավորը բոլորս ենք, որ թույլ ենք տալիս համայնավարական կյանքի կեղտը որդեգրածներին քար շպրտել մեր ազգային ոգու վրա:
Հայ երեխաներին օտարալեզու դպրոցներ ուղարկելու կառավարական նախաձեռնությունն այսօր ընդունել է այնպիսի մասշտաբներ, որ շոշափելիորեն վտանգում է հայոց լեզվի կարգավիճակը: Դրությունը պետք է շտկել և անհապաղ: Անհրաժեշտ է համաժողովրդական նախաձեռնությամբ ստիպողաբար ընդունված օրենք, էլ ինչի՞ համար են մեր «ընտրյալները»: Լեզվի գոյապահպանությունը ազգի գոյապահպանությունն է, և մենք չենք կարող այն վստահել կուսակցական որոշումներին:
Թող չստեղծվի այն տպավորությունը, թե դեմ ենք օտար լեզուների իմացությանը: Քավ լիցի: Բայց և ապացուցման կարիք չունի այն ճշմարտությունը, որ օտար լեզուների իմացությունը պետք է հենվի հայոց լեզվին տիրապետելու և մայրենիի լեզվամտածողության վրա: Ոչ հեռու անցյալում իրենց երեխաներին ռուսական դպրոց ուղարկած ծնողներից շատերին թվում էր, որ եթե նրանք կարողանում են հայերենով ընդամենը հաղորդակցվել, ուրեմն, ամեն ինչ կարգին է` երեխան և՛ հայերեն գիտե, և՛ ռուսերեն, այսինքն, մինիստր կդառնա: Մինիստր, իհարկե, դառնում են, խոսքը իմացությա՛ն մասին է: Այդպիսիք ոչ հայերենին են լիարժեք տիրապետում, ոչ ռուսերենին: Հաճախ ենք հանդիպում վաղուց ռուսական դպրոց ավարտած և արդեն ծնող դարձած անձանց, որոնք միմյանց հետ խոսում են լեզվական անհասկանալի շիլայով: Սա այն դեպքերից է, երբ օրինակ բերելու անհրաժեշտություն չկա. բոլորս գիտենք:
Միասնական հայկական դպրոցում հետևողականորեն պետք է բարելավել օտար լեզուների ուսուցումը. Այս է աճող սերնդի` մայրենիի լեզվամտածողությունը և ազգային նկարագիրը չաղավաղելու ճանապարհը:
Հայոց լեզվի վարկը բարձրացնել նշանակում է ունենալ հայեցի կրթություն ապահովող միասնական հայկական դպրոց, ապահովել լեզվի գործառնությունը պաշտոնական, կիսապաշտոնական և մերձպաշտոնական բոլոր ոլորտներում, մեր կենսագործունեության բոլոր բնագավառներում: Մեր հեղհեղուկ ծամանակներում հաստատուն են միայն հայրենիքը և լեզուն: Նրանք երկուսն էլ պահպանվում են միասնական պայքարով և տալիս պետական աղետներին դիմակայելու իրական երաշխիքներ:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
ArmAr.am












