Նախագահ Ալիևի քաղաքական կապրիզի հետևանքը
Հունիսի 18-ին ԼՂ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում ադրբեջանական դիվերսիոն հարձակման ու նրանց տված մեկ զոհի պատճառով ադրբեջանական բանակի զինվորների ու հրամանատարական կազմի միջև կարող է արգելապատնեշ առաջանալ, իսկ զինվորների մոտ էլ հիասթափություն: Այսօր լրագրողների հետ խոսելով միջադեպի հոգեբանական ազդեցության մասին, նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Նրա ենթադրությունների համաձայն, «էլիտար» այդ խմբի նպատակը եղել է հենակետի գրավումը կամ քաղաքական նպատակների համար ինչ-որ բան ցույց տալը: «Զուտ քաղաքական նպատակներից ելնելով կրակի բերան տանել ու զոհել լավագույն ստորաբաժանումը, ճիշտ չէ»,-նա այսպես բացատրեց հնարավոր արգելապատնեշի առաջացման հիմքերը, ավելացնելով, որ զինվորների մոտ հարց կառաջանա, հանուն ինչի էր դա արված, ինչու իրենց զինակից ընկերը զոհվեց:
«Այստեղ շատ բարոյալքող իրականության հետ են իրենք առնչվում` նախագահ Ալիևի քաղաքական կապրիզի պատճառով: Այստեղ է, որ հետևությունը կարևոր է, ցանկացած զինծառայող Ադրբեջանում կարող է դառնալ իրենց գլխավոր հրամանատարի հերթական կապրիզի զոհը: Սա շատ բարոյալքող հանգամանք է: Եթե մարդը վտանգում է իրեն, պետք է հստակ գիտակցի, թե հանուն ինչի է դա անում»,-ասաց հոգեբանը:
Ինչ վերաբերում է հայկական բանակի վրա միջադեպի հոգեբանական հնավարոր ազդեցությանը, ապա Ջամալյանն ասաց, որ այն ճնշող է լինելու, կորուստ մեծ է, չորս զինվոր մահացել է, չորսը` վիրավորվել: Այստեղ նա կարևորեց այն փաստը, որ հանկարծակիի գալուց ու կորուստներ տալուց հետո հայ զինվորները խուճապի չեն մատնվել, այլ կազմակերպվել են, մարտի բռնվել ու թշնամուն սահմաններից դուրս շպրտել:
«Կարևոր է այն, որ տղաները անմեղ զոհերի դերում չեն եղել, նրանք ակտիվորեն դիմադրել են, ակտիվ պաշտպանի դերում են եղել»,-նշեց Դ. Ջամալյանը:












