Բուլղարիայի նախագահ.«Բուլղարիան ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդար լուծում ստանա»
Բուլղարիան ցանկանում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն արդար լուծում ստանա. Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը:
Նա նշել է, որ Սոֆիան անհրաժեշտ աջակցությունն է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Մենք ցանկանում ենք, որ մոտ ժամանակներս գտնվի այդ հակամարտության արդար լուծումը, քանի որ դրա կարգավորումը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանի հաջող զարգացմանը»,- նշել է Պրվանովը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի մշակած` «հայկական կողմը պետք է վերադարձնի ադրբեջանական օկուպացված տարածքները» դրույթ պարունակող բանաձեւին` այն որակելով որպես «դրական երեւույթ»:
«Ցանկացած նոր որոշում, հատկապես` Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը եւ նմանատիպ փաստաթղթեր ուժեղացնում են մեր դիրքերը, մի խոսքով` աջակցում են հարցի արդար լուծմանը: Մենք բարձր ենք գնահատում Բուլղարիայի ներկայացուցիչների մասնակցությունը այդ բանաձեւի ընդունման գործում»,- հայտարարել է Ալիեւը:
ArmAr.am












