Գլխավոր » TOP, Լրահոս

«Մենք ձեր կողքին ենք, եւ արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», – ասել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղարը

Հուլիս 1, 2010թ. 16:25

SerjՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցների հետ:

Ողջունելով  հյուրերին’ Հանրապետության Նախագահը խորհրդանշական է համարել, որ վեհաժողովը որոշել է իր տարեկան նիստը գումարել Հայաստանում’ հնագույն քրիստոնեական եւ քաղաքակրթության օրրաններից մեկում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում չափազանց կարեւորում են քրիստոնեական արժեքների պահպանումը, տարածումն ու հոգեւոր դաստիարակությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած Հայաստանը, նաեւ Հայոց եկեղեցու շնորհիվ, դարեր շարունակ’ անգամ պետականության կորստի ժամանակահատվածում, ամուր կանգնած է եղել այդ արժեքների պահպանման դիրքերում եւ հպարտ է դրա համար:

Կարեւորելով վեհաժողովի’ «Տարածաշրջանում քրիստոնեական  հոգեւոր եւ մշակութային  հուշարձանների պահպանման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» բանաձեւը, Սերժ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ, որ ձեր ընդունած բանաձեւը մեծապես արժեւորվում է այս բարդ ու կոնֆլիկտային տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման, խաղաղության, փոխվստահության եւ կայունության մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից»։

Նախագահը բարձր է գնահատել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նպատակները’ ծայրահեղ ազգայնամոլության եւ կրոնական անհանդուրժողականության հաղթահարման, մարդու իրավունքների, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանության գործում:

Նա ողջունել է վեհաժողովի մասնակիցների որոշումը’ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ տեղում ծանոթանալ դարեր շարունակ իր բնօրրանում ապրող ու արարող քրիստոնյա ժողովրդի ներկայիս մարտահրավերներին,  խաղաղության պայմաններում սեփական որոշմամբ իր ապագան կառուցելու’ արցախահայության ցանկությանն ու կամքին:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ տարեկան գլխավոր վեհաժողովի մասնակիցները եւս խորհրդանշական ու հաճելի են համարել վեհաժողովը հայկական հինավուրց հողում, առաջին քրիստոնեական պետության մեջ գումարելը: Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը գոհունակությամբ է խոսել վեհաժողովի աշխատանքի մասին’ հետաքրքիր ու բովանդակալից որակելով զեկույցներն ու դրանց շուրջ ծավալված քննարկումները: Նա վստահություն է հայտնել, որ այդ քննարկումներն այնուհետեւ կտեղափոխվեն կազմակերպության անդամ գործընկերների խորհրդարաններ, իսկ ընդունված փաստաթղթի բովանդակությունը’ խորհելու տեղիք կտա պետությունների ղեկավարներին ու շահագրգիռ միջազգային կազմակերպություններին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակին, առկա խնդիրներին, ԼՂ հակամարտությանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությանը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանդիպման ավարտին վեհաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին’ Հայաստանում վեհաժողովի անցկացմանն աջակցելու համար’ ընդգծելով, որ նման ընտրությունը պայմանավորված է եղել նաեւ տարածաշրջանի ընդհանուր վիճակով, մտահոգություններով ու գործընթացներով: «Մենք ձեր կողքին ենք, եւ արդարությունը ձեր կողմն է: Այն, ի վերջո, կհաղթանակի», – ասել է ՈՒՄՎ գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խիտիրիս Տիլեմախոսը:


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն