Իրական սպառնալիքը թերևս ներքին թուլությունն է
Այն տպավորությունն է ստեղծվում, թե ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը իրականում ձեռնտու չէ գերտերություններին, իսկ միջազգային հարթակներից հնչող տարառիթ հայտարարությունները, որպիսին ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունն է, պարզապես թեման տաք պահելու նպատակ են հետապնդում:
Ակնհայտ է, որ մեծ տերությունների հավակնությունների դաշտում Հարավային Կովկասը դեռեւս մնում է որպես փոխշահերով չկարգավորված տարածք, որտեղ հատկապես Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ազդեցության սեփական ձգտումներն ունեն:
Անշուշտ, իրավիճակի արհեստական ապակայունացումը ներգործության ավելի շատ լծակներ ձեռք բերելու փորձված ձեւ է, բայց հազիվ թե մեր հյուսիսային հարեւանին իր նախկին պրեֆեկտներում անկայուն վիճակը ներկա պահին ձեռնտու է, որովհետեւ անկայուն իրավիճակը կարող է առաջադրել նաեւ ազդեցության այլ ուժերի ներգրավվածություն, ինչը նա հազիվ թե թույլ տա:
Տարածքային վեճերը, եթե պատշաճ լուծում չեն ստանում, հաճախ հանգեցնում են պատերազմի, մինչդեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող հակասությունը ոչ թե տարածքային, այլ կողմերից մեկի` Հայաստանի էթնիկ ու պատմական հատվածը կազմող Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարթության մեջ է: Ավելի քան երկու տասնամյակ այս պարզ ճշմարտությունը չըմբռնելը կամ ընկալելով անտեսելը արդյո՞ք չի նշանակում, որ միջազգային հանրությունը հակված չէ տվյալ հանգույցը քանդելու: Ի վերջո, տեւական ժամանակ ղարաբաղյան խնդրով զբաղվել են աշխարհի ճակատագիրը վճռող տերությունների պաշտոնական ներկայացուցիչներ, նման հարցերում լայն փորձառություն ունեցող մասնագետներ: Իսկապե՞ս դժվար է քաղաքական լաբորատորիայում գտնել լուծման բանաձեւը…
Ղարաբաղյան կարգավորման պատմության ողջ ընթացքում մոտեցումների մի շարք հենակետեր են առաջ քաշվել, որոնք տարբեր անուններ են կրել` փարիզյան, քիվեսթյան, մադրիդյան եւ այլն: Դրանք բուն հարցից խուսափելու մտածված հնարքներ են, առավելապես ժամանակ շահելու միջոցներ: Եվ անսպասելի չի լինի, եթե մոտ ապագայում ի հայտ գա որեւէ տեղանվան հետ կապված նոր հենակետ, որտեղ սկզբունքները թեպետ էականորեն չեն տարբերվի նախորդներից, բայց փոխարենը կձեւավորվի բանակցային նոր ճակատ:
Ստատուս քվոն պահպանելու արդարացված ձեւը բանակցությունների շարունակումն է` անընդհատ նորամուծությունների ձեւով: Մինչեւ ե՞րբ. երեւի գիտեն միայն Կրեմլում ու Սպիտակ տանը, որոնք դիվանագիտորեն իրար աշխարհաքաղաքական ծրագրեր տորպեդահարելով, ձգտում են միեւնույն բանին` «սայլը տեղից չշարժել», քանի դեռ հայտնի չէ, թե «ով կլինի կառապանը»:
Կասկածահարույց է շրջանառվող այն տեսակետը, որ կարող է հակամարտող կողմերի միջեւ նոր պատերազմ հրահրվել ու առիթն օգտագործելով` խաղաղարար ուժեր մտցվել տարածաշրջան: Դրա համար պատրվակ միշտ էլ կգտնվի, թեկուզ եւ հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում (նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանահատվածներում) փաստացի պատերազմական վիճակը: Այլ կերպ ինչպե՞ս որակել զոհերով զուգակցվող սահմանային միջադեպերը եւ համարյա ամենօրյա դարձած փոխհրաձգությունները շփման գոտում:
Խաղաղարար զորքեր մտցնելու պատրվակ կգտնվի, հարցը պարզապես այն է, թե արդյո՞ք «նույն կաթսայում երկու եւ ավելի գլուխ կեփվի»: Մինչ գերտերություններն այս գլուխկոտրուկով են զբաղված, Ադրբեջանը պահն օգտագործելով ռազմատենչ հայտարարություններով կերակրում է սեփական ժողովրդին: Բնականաբար, բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ռազմատենչ պահվածքը Ադրբեջանի պարագայում ռեալ վտանգ չի պարունակում: Վտանգն այն ժամանակ կարող է ծառանալ, երբ Արեւմուտքն ու Ռուսաստանը ազդեցությունների ոլորտում համաձայնության գան, բայց դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ:
Եթե կա սպառնալիք, դա թերեւս ներքին թուլությունն է: Ոչ ուղղակի իմաստով, հակամարտության ներկա փուլը կարելի է անվանել կամքի փորձարկման շրջան. ով ավելի ամրակամ եղավ, նա առավել դիվիդենտներ կշահի եւ հենց դրանցով էլ կգնա հակամարտության` իր համար շահեկան վերջնալուծման:
Իսկ վերջնալուծումը, ինչպես 5, 10 կամ 15 տարի առաջ, ենթադրությունների հորիզոնում նշմարվող ամպի կտոր է, որը կարող է նաեւ հանդիպակաց քամիներից ցրվել:
«ԱԶԳ». Կիմ Գաբրիելյան, Ստեփանակերտ
ArmAr.am












