ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հիլարի Քլինթոնի հետ կհանդիպեն Բաքվում
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ), ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր են Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ: Համանախագահները Ստեփանակերտ են այցելել առանց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի:
Բակո Սահակյանի հետ կեսօրին մոտ սկսված հանդիպումը շարունակվել է շուրջ երկու ժամ, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Հանդիպումներից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են Սանկտ Պետերբուրգում հունիսի 17-ին կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում հնչած հարցերը, ինչպես նաև հունիսի 18-ին Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը:
«Մենք հաստատել ենք մեր մտահոգությունը այդ միջադեպի վերաբերյալ, խախտվել է 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, և նմանատիպ միջադեպերը կարող են վնաս հասցնել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Եվ մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է վերացնել նման միջադեպերը», – ասել է Պոպովը:
Ռուսաստանցի համանախագահը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի ժողովրդավարական ճանապարհով:
Համանախագահները հայտնել են, որ Ստեփանակերտից պատրաստվում են գնալ Երևան, որտեղ հանդիպելու են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, այնուհետև մեկնելու են Բաքու, որտեղ նախատեսված է նրանց հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:












