Հայկ Դեմոյան. «Ունենք Ցեղասպաության փաստը հիմնավորող բազմաթիվ լուսանկարներ»:
Այսօր մեկնարկած մեկօրյա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանգիծ» միջազգային համաժողովին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրազեկման և ներկայացման նոր մոտեցումների մասին» զեկուցումով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ըստ նրա, այսօր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրազեկման հարցում մեզանում կան մոտեցումներ, որոնք արդեն հնացած են, ժամանակի խնդիր է, որպեսզի հնարավոր լինի նոր ձևեր կամ եղանակներ մշակելն ու ներկայացնելը:
«Մեզանում տարբեր սերունդների շրջանում դեռևս իրական գիտակցում չկա Հայոց ցեղասպանության հետևանքների մասին: Մեր մոտ լուրջ խնդիր կա Հայոց ցեղասպանության պատմության ներկայացման առումով, խոսքը վերաբերում է եղածից դասեր քաղելու կրթությանը: Հետևաբար այս թեման պետք է լրջորեն ընդգրկված լինի կրթական համակարգում, որպեսզի մեր սերունդները իրենց պատմությունից կարողանան դասեր քաղել: Համայն հայությունը դեռևս չի քաղել հիմնական դասը »,- հավելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:
Ըստ Հ. Դեմոյանի, այսօր լուրջ խնդիր կա նաև միջազգային լսարանին Հայոց ցեղասպանության եղելությունը իրազեկելու առումով: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության թեման ն իրազեկելու հարցում մեծ դեր ունեն ֆիլմերը, գրականությունը, թանգարանները:
«Դրանք կարևոր նշանակություն ունեն քաղաքականություն մշակելու և դրանք առաջ տանելու առումով»,- ասաց նա և հավելեց, որ այսօր ամբողջ աշխարհի տարբեր քաղաքներում գործում են Հոլոքոստի թանգարաններ կամ հիշողության պուրակներ: «Այդ թանգարանները խնդիր են լուծում կոնկրետ երկրի և հասարակության միջավայրում»,- բացատրեց նա:
«Հայոց ցեղասպանությունից հետո անցել է 95 տարի, սակայն դեռ մեկ թանգարան ունենք: Այնինչ մենք դեռ վաղուց պետք է լուծած լինեինք աշխարհի խոշորագույն մայրաղաքներում Հայոց ցեղասպանության թանգարաններ հիմնելու խնդիրը »,- ասաց նա:
Հ .Դեմոյանը նաև նշեց, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հավաքչական աշխատանքի առումով:
«Հայաստանում մենք դեռ ունենք լուսանկարներ, որոնք վերաբերում են 1915 թվականի իրադարձություններին, սակայն դեռ շրջանառության մեջ չեն դրվել»,- ասաց նա: Ըստ նրա, բոլոր ասպարեզներում դեռ հսկայական անելիքներ կան:
ArmAr.am












