Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի օրն է
Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832 թվականին Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է «Հայաստանի Ազգային գրադարան»: Գրադարանում պահպանվում է հայ հնատիպ և հազվագյուտ գրքերի հարուստ հավաքածու:
Ինչ վերաբերում է տոնին, ապա Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ այդ առթիվ գրադարանում միջոցառումները կսկսվեն հուլիսի 7-ին: Միջոցառումներին կմասնակցեն ներկայացուցիչներ մշակույթի նախարարությունից, գրողներ, արվեստագետներ, Ազգային գրադարանի երկարամյա ընթերցողներ: Տեղի կունենան բազմաբնույթ միջոցառումներ, կբացվեն ցուցահանդեսներ, որտեղ կներկայացվեն Ազգային գրադարանում պահպանվող հնատիպ գրքեր, քարտեզներ, թերթեր, դրոշմանիշեր, հրավիրատոմսեր, բացիկներ, ոչ գրքային հրատարակություններ: Առաջին հարկի ցուցափեղկերում կներկայացվեն նոր հրատարակված գրքեր: Առանձին տաղավարով կներկայացվեն գրադարանի մասին պատմող նյութեր, լուսանկարներ, Ազգային գրադարանի հրատարակությունները: Նախատեսվում է նաև գրական, գրադարանային թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ:
ArmAr.am












