Նեթանյահու. «Իսրայելը չի կարող ներողություն հայցել Թուրքիայից»
Հայտնի է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի եւ Իսրայելի արդյունաբերության, առեւտրի եւ զբաղվածության նախարար Բենիամին Բեն Էլիզերի միջեւ Բրյուսելում տեղի է ունեցել գաղտնի հանդիպում է:
Այս հանդիպման առնչությամբ, թուրքական լրատվամիջոցները փորձում են թուրք ընթերցողին վստահեցնել, որ 2.5 ժամանոց հանդիպումը տեղի է ունեցել միմիայն իսրայելական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իսրայելին ներկայացրել է 5 պահանջ` հարաբերություններում նկատվող լարվածությունը հաղթահարելու համար:
Թուրքական «Hurriyet» օրաթերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի առաջ քաշած պահանջներն են.
1. Թել Ավիվը պետք է ներողություն խնդրի,
2. ձեւավորել անկախ և անկողմնակալ հանձնաժողով`միջադեպը հետաքննելու համար.
3. բոլոր տուժածները պետք է փոխհատուցում ստանան.
4. Իսրայելում պահվող նավերը պետք է վերադարձվեն.
5. պետք է վերացվի Գազայի շրջափակումը:
Նույն թերթը կրկին փոխանցում է., որ հիշյալ հանդիպումը լուրջ տարաձայնություններ է առաջացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի միջեւ: Լիբերմանին զայրացրել է այն փաստը, որ իրեն ոչինչ չի ասվել այդ հանդիպման մասին: Վերջինս նույնիսկ չի պատասխանել Նեթանյահուի հեռախոսազանգերին:
Թերևս այս լարվածությունն է եղել պատճառ, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն երեկ ուշ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ. հեռուստաեթերով նա, հայտարարել է.«Թուրքիան չպետք է փոխհատուցում և ներողություն սպասի իսրայելցիների կողմից Mavi Marmara նավի վրա հարձակման ժամանակ ակտիվիստների մահվան համար: Իսրայելը չի կարող ներողություն հայցել նրա համար, որ մեր զինվորները ստիպված են եղել պաշտպանել իրենց` բանդայի դեմ, որը պատրաստ էր նրանց բզկտել »:
Իսկ Թուրքիային հնարավոր փոխհատուցման մասին տարածված լուրերի վերաբերյալ Իսրայելի վարչապետն ասել է. «Դա անգամ չի կարող քննարկվել»:
ArmAr.am












