«Թուրքիան այն պետությունն է, որ շատ դժբախտություններ է բերել իր հարևան ազգերին»
«Թուրքիան քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական արդար պայքարը միջազգային հանրության առջեւ ներկայացնում է, որպես ահաբեկչական գործողություն եւ խուսափում է խաղաղ ու օրինական ճանապարհով լուծել` լարվածության գագաթնակետին հասած այս կոնֆլիկտը: Նմանօրինակ քաղաքականությունը չի հանգեցնի ոչ մի դրական տեղաշարժի ու տարածաշրջանում ավելի կսրի առանց այդ էլ եռացող իրավիճակը»: Նման հայտարարություն է հնչեցրել Քրդական հասարակական կազմակերպությունների Միջազգային Միությունը:
Այս առնչությամբ, Մոսկվայում հրավիրված ասուլիսում «Ազատ քուրդիստան» թերթի գլխավոր խմբագիր Իշխան Միրոյեվը վրդովված ասել է, թե. «Եթե կարդաք Թուրքիայի սահմամանդրությունը, կտեսնեք, որ ըստ դրա այդ պետությունում բացի թուրքերից, այլ ժողովուրդներ չեն ապրում, մինչդեռ Թուրքիան բազմազգ պետություն է, որտեղ ապրող ազգային շատ փոքրամասնությունների համար այդ երկիրը պատմական հայրենիք է հանդիսանում: Թուրքիան կարծում է քրդերը կթուլանան եւ կհանձնվեն, սակայն հավատացնում եմ պայքարելու ու պաշտպանվելու ենք մինչեւ վերջ»:
«Քուրդ ժողովրդի պահանջը ոչ անօրինական է եւ ոչ էլ անիրական: Ի վերջո մենք չենք ձգտում տարածքային անկախության ու պետականության, հավաստիացրեցին բանախոսները: Մենք պահանջում ենք լեզվի ու մշակույթի պահպանման հնարավորություն, անվտանգության երաշխիք եւ ինքնորոշման իրավունք եւ պետք է հասկանալ, որ մեր պահանջը ներկայացնում է Թուրքիայի տարածքում ապրող եւ այդ պետության հետ խնդիրներ ունեցող այլ ազգերի շահերը նույնպես»:
Քրդական հասարակական կազմակերպությունների Միջազգային Միության նախագահ Մերաբ Շամոյևը ասել է. «Թուրքիան այն պետությունն է , որ շատ դժբախտություններ է բերել իր հարեւան համարյա բոլոր ազգերին եւ այսօր այդ ժողովուրդների համերաշխությունն ու համագործակցությունը մի շարք խնդիրներ կարող է լուծել: Ցավոք մենք չենք տեսնում ոչ այդ համագործակցությունը եւ ոչ էլ միջազգային հանրության աջակցությունը ազգային փոքրամասնություններին եւ դա տարածաշրջանը մշտական լարվածության մեջ է պահում»:
Հարցին, թե քրդերը ում են համարում բարեկամ ու շահագրգիռ կողմ իրենց խնդրի լուծման հարցում, բանախոսները դժվարացան միանշանակ պատասխան գտնել և նշեցին, որ իրենց ամենահավատարիմ բարեկամը քրդական լեռներն են ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, սակայն ընդգծեցին նաեւ հայերի բարեհաճ վերաբերմունքը քուրդ ժողովրդի հանդեպ:
Մերաբ Շամոյևը ասել է. «Հայերի բարեկամությունը մենք գնահատում ենք ըստ արժանվույն: Իհարկե, չի մոռացվել այն փաստը, որ առաջին քրդական թերթը հրատարակվել է Հայաստանում եւ առաջին քրդական ռադիոյի թողարկումները, նույնպես, մեր ժողովուրդին հասանելի էին դառնում Հայաստանից»:
ArmAr.am












